Տնտեսություն - Գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են, ավարտի հստակ ժամկետ չկա. փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

Ռուսաստանից գնվող գազի սակագինը բաղկացած է առնվազն 3 կարևորագույն, ֆունդամենտալ բաղադրիչներից` գինը` սահմանին, հայկական «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագիրը և վերջինիս ընթացիկ ծախսերը:

Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով գազի սակագնի հնարավոր փոփոխություններին:

«Երեք ուղղություններով էլ բանակցություններն ընթանում են, և դրանց արդյունքը կոչվում է գլխավոր սխեմա, որն այսօր ևս քննարկվում է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ բանակցությունների ավարտի հստակ ժամկետ չի կարող նշել:

«Ես կարծում եմ` շատ երկար չի տևի, բայց կոնկրետ ժամկետ չնշեմ, որովհետև բանակցություններ են ընթանում, ամեն օր` նոր հարց, նոր պատասխան, նոր քննարկման տարր կարող է առաջանալ»,- մեկնաբանեց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Փաստ» թերթը գրել էր, թե իր տեղեկություններով` 2020 թվականի հունվարի 1-ից գազը թանկանալու է, այդ թվում՝ արդեն նաև ազգաբնակչության համար: Ըստ թերթի՝ ռուսական կողմը նախատեսում է գազի գինը բարձրացնել 38-40 տոկոսով, ինչը շատ լուրջ թանկացում է և չի կարող վնաս չհասցնել թե՛ սոցիալական առումով, թե՛ ՀՀ ողջ տնտեսության վրա ազդեցության։ Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները նշված բանակցություններում փորձում են հասնել այնպիսի փոխզիջման, որ թանկացումը լինի ոչ ավելի, քան 20-25 տոկոս:

2019 թվականի հունվարի 1–ից սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Երկրի ներսում սակագինը կազմում է 139 դրամ մեկ խորանարդի դիմաց, այսինքն` հազար խորանարդի դիմաց գրեթե 290 դոլար։

tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ