Հասարակություն - «Ցինիզմի գագաթնակետ». Արսեն Թորոսյանի սանիկը գիտական կոչումով լաբորատորիայի վարիչին աշխատանքից ազատվելու ծանուցում է ուղարկել՝ առաջարկելով բանվորի գործ

«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի Լաբորատոր ախտորոշիչ կենտրոնի վարիչ Դավիթ Գրիգորյանը տնօրենի ժ/պ Գևորգ Սիմոնյանից աշխատանքային պայմանագիրը խզելու մասին ծանուցում է ստացել:

28-ամյա տնօրենի ժամանակավոր պաշտոնյան, ով 3 ամիս է, որ գործուղվել է կենտրոն, և ըստ Դավիթ Գրիգորյանի՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմն է: Ըստ տեղեկությունների՝ սանիկը նույն ծանուցման փաստաթղթում բաժանմունքի վարիչին առաջարկել է, քանի որ մասնագիտական պատրաստվածության որակավորմանը համապատասխան թափուր հաստիք չկա, նրա ֆիզիկական վիճակը հաշվի առնելով՝ բանվորի կամ տեխնիկի աշխատանք։   

Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ նման բովանդակությամբ ծանուցումը ցինիզմի գագաթնակետն է՝ հաշվի առնելով, որ ինքը 2000 թվականից գիտության մեջ է: «Նրանց անպատժելիությունը բերել է ցինիզմի գագաթնակետին,  որ ձեր մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանք չունենք և առաջարկում ենք բանվորի աշխատանք: 2000թ.-ից կենտրոնում սկսել եմ աշխատել որպես ավագ գիտաշխատող: Ասեմ, որ 2005 թ.-ից նաև գիտական կոչում ունեմ, գիտությունների թեկնածու եմ և լաբորատորիայում միակ գիտական կոչումով աշխատողն եմ, իսկ կենտրոնում եզակի են գիտական կոչումներով աշխատողները, որովհետև հիմնականում գիտնականները ծերացան, կեսը հեռացավ, կեսը մահացավ, իսկ երիտասարդները չներգրավվեցին ցածր աշխատավարձի պատճառով: Իսկ ով էլ կա, այսպես են վարվում հետը, հետո էլ ասում են՝ ռազմավարական նշանակություն ունեցող գիտական կենտրոն է»,-ասաց նա:   

Իսկ հեռացման ծանուցում ստանալու պատճառն, ըստ Գրիգորյանի, իր չլռելն է կատարվող անօրինությունների դեմ: Նա նշեց, որ ժ/պ տնօրենի գալուց սկսված կենտրոնում լարված մթնոլորտ է: «Եկած օրվանից սկսած վախի մթնոլորտ է սփռել  հիվանդանոցում, անունը դրել է բարեփոխում և աշխատակիցներին սպառնում է աշխատանքից ազատել: Ասաց, որ քո բաժնից էլ պետք է կրճատում անենք, ասացի՝ չունենք  կրճատելու  ենթակա մարդ և հնարավորություն, որովհետև այս հին սարքավորումներով հազիվ  կարողանում ենք որակյալ հետազոտություններ ապահովել, զարգացրեք, ավտոմատացրեք, նոր: Ասաց՝ ոչ, արդեն հաստիքացուցակ եմ  հաստատել, բայց պարզվեց՝ սեպտեմբերի 5-ին են հաստատել: Աշխատողների մեջ պառակտում մտցրեց, իրար դեմ լարեց, ասում էր՝ նրանք, ովքեր ինձ ինֆորմացիա տան, ես իրանց կես դրույքով կպահեմ: Երիտասարդ լավ աշխատակիցներից մեկն էլ հակառակվեց, թե ինչու պետք է կես դրույքով աշխատի, առանց այն էլ օրենքի խախտումով քիչ եք վճարում, և կա նախարարության չափորոշիչ, որին համապատասխան չի վճարվում: Ասաց՝ «այդքան լավ գիտեք  հա՞ ձեր իրավունքները», ու սկսեց նույն խոսացողների դեմ հետապնդման գործողությունները»,-պատմեց նա:  

Ըստ լաբորատորիայի վարիչի՝ նա իրար հետևից սկսեց գրավոր անհիմն նկատողություններ անել իրեն հակառակվողներին՝ աշխատանքի ժամին 12 րոպե բացակայելու համար կամ ոչ  ճիշտ ժամին ընդմիջման դուրս գալու համար և այլն: «Արդեն ես էլ չկարողացա լռել, ասացի՝ ինչո՞ւ եք այս ամեն ինչը անում, լավագույն աշխատողներին նեղացնում եք, որ գնա՞ն, այստեղից էլ  թարսվեց իմ հետ ու նույն բաները սկսեց իմ հետ անել, ընդհուպ մինչև այն, որ մեզ հետազոտության արյուն են բերել՝ կա նման պրակտիկա, որ ոչ թե հիվանդն է գալիս, այլ արյուն են բերում: Ընդունել ենք, եկել է նայումա, ասումա՝ կենդանու անուն է վրան գրած, շան անուն է, ասում եմ՝ ես չգիտեմ, չեմ նայել, կենդանու արյուն է, թե ինչ, բայց արյունա՝ բերել են, հետազոտում ենք, ինչքան գիտեմ, օրենքով էլ արգելված չէ, որովհետև չունենք մասնագիտացված անասնաբուժական լաբորատորիա,  հնարավոր է , ինչո՞ւմն է  խնդիրը: Զանգում է 1-02, ոստիկանություն է կանչում, գալիս են, բայց հանցակազմ չլինելու պատճառով մերժվում է, բնականաբար: Այստեղից հետո ավելի է սրվում»,-ասաց նա:   

Լաբորատոր ախտորոշիչ կենտրոնի վարիչը շարունակեց, որ Գևորգ Սիմոնյանի դեմ էլ դատական հայց են ներկայացրել: «Իրեն բերել են, որ կենտրոնը զարգացնի, ինքը կենտրոնի տարածքները վարձակալությամբ տալիս է այլ կենտրոնների և հետևում ավտոկայանատեղի համար ծառահատումներ էր արել: Կենտրոնի աշխատակիցների հետ դիմել ենք ոստիկանություն: Բայց ոստիկանության վրա էլ ոնց որ ճնշումներ են գործադրել, և հայցը մերժել են, չեն կարող ապացուցել, որ այստեղ կար անտառ, ծառեր ու հիմա հատված են: Այնպես է վախեցրել տնտեսական բլոկի աշխատողներին, որ երբ իրենց հարցրել են, ասել են, որ այդտեղ ծառ չի եղել, բայց մեր բողոքից հետո դադարեցրել են, ծառերի մի մասը չեն հատել»,-ասաց նա:    

Դավիթ Գրիգորյանը նշեց, որ  Գևորգ Սիմոնյանը մինչև հեղափոխությունը բացարձակ անհայտ, որևէ վաստակ չունեցող մարդ էր: «Առողջապահության կազմակերպիչ է, վերջերս է բժշկականն ավարտել, անմիջապես հեղափոխությունից հետո նշանակվել է նախարարի խորհրդական, մի երկու ամիս աշխատել է, և ինչքան  տեղյակ եմ, այս ընթացքում մոտ 10 տեղ է աշխատել, մեր կենտրոնը, կարծեմ, իր 10-րդ աշխատանքի վայրն է: Ամիս, ամսուկեսով տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Նախարարը փորձում է նրա համար մի լավ պաշտոն գտնել, բայց անընդհատ փոփոխում է երևի, որ աղմուկ չլինի: Բոլոր սլաքները գնում է  դեպի իր քավոր՝ առողջապահության նախարար, խայտառակ վիճակ է, ինչ է կատարվում ներսից, չեք պատկերացնում,  կազմաքանդում են ամբողջ  առողջապահական համակարգը: Իրենց թույլ կադրերով հատուկ նախանձ ունեն կայացած և վաստակ ունեցող բժիշկների հանդեպ, իրենց թույլ կադրերին մտցնում են տարբեր տեղեր ու քանդում են, սա առողջապահության նախարարի ծրագիրն է՝ վստահ եմ»,-ասաց նա:
tert.am


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ