Մամուլ - ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստում Թուրքիայի դեմ՝ Կիպրոսի ջրերում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար. Reuters

Եվրամիությունը քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հարցը՝ Անկարայի կողմից Կիպրոսի ափերի մոտ երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, գրում է Reuters գործակալությունը:

«Թուրքիայի անօրինական երկրաբանահետախուզական աշխատանքների չդադարեցման ֆոնին, ԵՄ-ն որոշել է դադարեցնել Օդային տրանսպորտի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները և որոշում է ընդունել անորոշ ժամանակով հրաժարվել բարձր մակարդակի հետագա հանդիպումներից»,-գործակալությունը մեջբերում է նախագծից հատված, որը կքննարկվի հուլիսի 15-ին՝ Բրյուսելում ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Բացի այդ, ԵՄ Խորհուրդը կառաջարկի կրճատել 2020 թվականի համար Թուրքիային տրվող ֆինանսական օգնությունը, ինչպես նաև կոչ կանի Եվրոպական ներդրումային բանկին վերանայել Թուրքիայի նկատմամբ իր գործունեությունը:

Ինչպես նշում է գործակալությունը, Եվրամիությունը պատրաստ է ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթե վերջինս Կիպրոսի տարածքային ջրերում չդադարեցնի իր անօրինական գործողությունները:

Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, ավելի վաղ ուղարկել է «Ֆաթիհ» նավը՝ հայտարարելով, որ հորատումը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը: Թուրքիայի երկրորդ՝ «Յավուզ» նավը այդ շրջան է ժամանել երեքշաբթի, ինչը Հունաստանը և Կիպրոսը սադրանք են համարում։


tert.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ