Տնտեսություն - Պետք է փրկենք Սևանը, այլ տարբերակ չունենք. Բարդուղ Գաբրիելյան

«Պետք է փրկենք Սևանը, այլ տարբերակ չունենք»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանը: Նա նշեց, որ լճի փրկության համար դեռ ուշ չէ, թեև արդեն ջրի վատացման նախանշաններ ունենք: «Մենք զգուշացրել էինք, որ ծաղկումը սրվում է: Համապատասխան մարմինների կողմից ոչինչ չարվեց, որ կանխարգելվեր, թեև օբյեկտիվ պատճառներ նույնպես կային, օրինակ՝  հատակի ջրիմուռները, որ խթանում են ծաղկումը և այլն:  Ձկնապաշարները ոչ միայն սնունդ են, այլև սննդային շղթայի վերին օղակ, որով կնվազեցնենք ծաղկումը, սակայն բավարար քանակը չունենք, ընդհանուր պաշարը բավարար չէ, որ առաջարկենք որս կատարել: Արդյունագործական պաշարը պիտի գոնե 1000 տոննա և ավելի լինի: Այս տարվա գնահատականը չունենք, իսկ անցյալ տարի 730 տոննա արդյունագործական որս է եղել: Խեցգետինը նույնպես արդյունագործական օբյեկտ է, սակայն այսօր պաշարի խզում ունենք. Սևանից հանած խեցգետին այսօր չունենք: Նույնիսկ կարասը, որ դիտում էինք Սևանի համար ոչ ցանկալի, դրա պաշարներն էլ են խզվել: Մենք այն պայմաններում ենք, որ պաշարներն անբավարար են: Սիգի պաշարը, ճիշտ է, ավելանում է, բայց ոչ այն չափով, որքան իր ներուժը թույլ է տալիս: Եթե ձվադրման շրջանում պատշաճ պահպանում լիներ, ավելի շատ պաշարներ կունենայինք»,-նշեց բանախոսը: Հարցին, թե որքա՞ն ժամանակում կվերականգնվի Սևանը, պարոն Գաբրիելյանը պատասխանեց. «Դա կախված է այն բանից, թե ինչ միջոցառումներ և ինչ որակով կարվեն: Առաջին հերթին պիտի լճի բարձրացում ունենանք: Պետք է ֆոսֆորի մուտքը կասեցնել կամ նվազեցնել: Հիմնական աղտոտող գետերի վրա մաքրման կայաններ պիտի գործեն: Ափամերձ գոտիների ջրածածկ տարածքների մաքրում պիտի կատարվի: Ձկան պաշարները պիտի վերականգնվեն և հասցվեն բավարար քանակի»: Վերոնշյալ պայմանների օր առաջ ապահովման դեպքում, ըստ Բ. Գաբրիելյանի, 4-5 տարի հետո հնարավոր կլինի Սևանը վերադարձնել նախնական վիճակին:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ