Հասարակություն - Տրանսգենդերները կկարողանան երեխա որդեգրել, եթե…

«Ստամբուլյան կոնվենցիան մի փաստաթուղթ է, որն ուղղված է մեր ազգային գոյության ձևերի դեմ»,-այս կարծիքն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեցին «Հանուն ազգային արժեքների պաշտպանության և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող նախաձեռնող խմբի» անդամ Արթուր Արամյանն ու իրավախորհրդատու Լիա Դալլաքյանը: Ասուլիսի թեման, մասնավորապես, Ստամբուլյան կոնվենցիայի չեղարկումն էր, որի հարցով էլ հենց բանախոսները դիմել են ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին և ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Ա. Արամյանն ու Լ. Դալլաքյանը պնդեցին, որ թշնամի երկրում շրջանառության դրված փաստաթուղթը, որի մշակմանը մենք չենք մասնակցել, լի է բազմաթիվ վտանգներով, դեմ է մեր կրոնին, ազգային արժեքներին ու ավանդույթներին և սպառնում է մեր ազգային անվտանգությանը, քանի որ, ի թիվս այլևայլ դրույթների, պարունակում է նաև մեր ավանդական ընտանիքի հիմքերը խարխլող կետեր: Ըստ քաղաքացիական նախաձեռնող խմբի անդամների՝ եթե Ստամբուլյան կոնվենցիան վավերացվի, տրանսգենդերներն, օրինակ, երեխա որդեգրելու հնարավորություն կունենան: Այս ամենից բացի՝ փաստաթուղթը հակասում է նաև ՀՀ Սահմանադրությանը՝ խախտելով 1, 3, 15, 16, 18, 23, 31, 56 հոդվածները: Բանախոսները նշեցին, որ Բուլղարիան և Ռումինիան, օրինակ, մերժել են Ստամբուլյան կոնվենցիան և չեն վավերացրել այն, Կոնվենցիան չեն ընդունել նաև Ադրբեջանը, Ռուսաստանը, Իսրայելը: Ստորև ներկայացնում ենք ասուլիսի բանախոսների նամակը՝ ուղղված վերոնշյալ պաշտոնյաներին:

 

Դիմում

 

   Հանուն Հայկական Արժեքների Պաշտպանության քաղաքացիական նախաձեռնող խումբը, ուսումնասիրելով 11.5.2011 թ.-ին Ստամբուլում ընդունված Եվրոպայի Խորհրդի Կոնվենցիան՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին փաստաթուղթը, որը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովում, եկավ այն եզրահանգման, որ վերոնշյալ փաստաթուղթը հիրավի վտանգ է ներկայացնում ՀՀ Սահմանադրությանը, ազգային անվտանգությանը, կրոնին, մշակույթին, հայկական ավանդական ընտանիքին և ընտանեկան արժեքներին, ազգային մենթալիտետին, կանանց, երեխաների իրավունքներին և արժանապատվությանը, միջսեռային՝ տղամարդ և կին, հարաբերություններին: Սույն կոնվենցիայի վավերացումը նաև հնարավորություն է ընձեռելու երկրորդ, երրորդ, չորրորդ (և այլն) երկրների կողմից վերահսկողություն հաստատել Հայաստանի Հանրապետության ուժային կառույցի կամ կառույցների նկատմամբ Կոնվենցիայի շրջանակներում, որն անմիջապես սպառնալիք է թե՛ ներքին և թե՛ արտաքին անվտանգությանը:

Սույն Կոնվենցիան խախտում կամ հակասում է ՀՀ Սահմանադրության հոդվածներ 1, 3, 15, 16, 18, 23, 31, 56, ինչպես նաև հակասում է ՄԱԿ-ի Կանոնադրության երկրորդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին, 1993 թ.-ին մեր կողմից վավերացված «Ռիո»-ի հռչակագրի 21-րդ և 22-րդ հոդածներին, մեր կողմից 1992 թ. վավերացրած Երեխաների իրավունքների մասին կոնվենցիային, UNICEF-ի 2019 թ. մարտին ընդունված՝ ընտանիքի, ընտանեկան արժեքների և երեխաների պաշտպանությանն ուղղված զեկույցին: Հետևաբար՝ Հանուն Հայկական Արժեքների Պաշտպանության քաղաքացիական նախաձեռնող խումբը կոչ է անում օրակարգից հանել վերոնշյալ Կոնվենցիայի վավերացումը, որից բխող առաջին սպառնալիքն ինքնիշխանության կորուստն է և ազգային գոյության ձևերի խաթարումը, ինչպես նաև այն ստեղծում է արհեստական, հակաազգային, հակաքրիստոնեական միջավայր ու օտարածին արժեքաբանական համակարգեր:

   Վերոնշյալ դիրքորոշումը բխում է կարճաժամկետ ուսումնասիրության և վերլուծության արդյունքներից, ինչպես նաև վստահաբար տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ պետականությանը և ինքնիշխանությանն էլ ավելի մեծ սպառնալիքներ ի հայտ կգան՝ վերոնշյալ փաստաթղթի էլ ավելի խորքային ուսումնասիրությունների արդյունքում:

 

Դիմող՝       Ա. Գրիգորյան, Ա. Արամյան

31.05.2019 թ.  

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ