Քաղաքական - Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. դատարանի բակում կրկին ակցիաներ են

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով արդեն երրորդ օրն ընթացող դատական նիստից առաջ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի բակում շարունակվում են ակցիաները. դատարանի բակում են և՛ Քոչարյանի աջակիցները, և՛ նրա ազատությանը դեմ հանդես եկող անձինք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանի դիմաց ոստիկանական ուժերը հսկում են կարգուկանոնը: Դեմ և կողմ արտահայտվող ցուցարարները հավաքվել են փողոցի տարբեր կողմերում և փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին։

Դատական նիստի ժամանակ շարունակվելու է քննվել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը՝ հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելու հարցը:

Մայիսի 13-ին մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատաքննության փուլը. առաջին դռնբաց դատական նիստին պետք է քննվեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը: Նույնը օրը նրա պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկի վերաբերյալ: Մայիսի 14-ին դատարանը մերժեց պաշտպանների այդ միջնորդությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս ԷսՍի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ