Քաղաքական - Մարուքյանը պատասխանել է Փաշինյանին՝ Հպարտանում են իմ ասածներով

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը հուսով է, որ ներկայիս իշխանությունները Քաղաքացու օրը «չեն վերածի ինքնագովության օրվա»։ Մեկնաբանելով իր հասցեին կառավարության ղեկավարի հայտարարությունները՝ Մարուքյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ ինքը միայն ասել է, թե պետք է անել անհրաժեշտ ամեն բան, որպեսզի բարձրացվի Հայաստանի բնակիչների քաղաքացիական ինքնագիտակցությունը։

«Ես ընդամենն ասել եմ, որ մարդիկ քաղաքական գործիչներից ոչ մեկի մեջ չպետք է որոնեն փրկիչների։ Եթե մարդն իր համար փրկիչ է որոնում, դա նշանակում է, որ նա չունի քաղաքացիական ինքնագիտակցություն, եւ նա քաղաքացի չէ, քանի որ մտածում է որպես ինչ-որ մեկի հպատակ»,- պարզաբանել է  խորհրդարանականը։

Նա նաեւ մեկնաբանել է Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, թե «եթե լսենք Էդմոն Մարուքյանի մեկ տարվա վաղեմության հայտարարությունները, ապա, հնարավոր է, շատ բան ավելի հասկանալի դառնա»։ «Ես կարծում եմ, որ նա նկատի է ունեցել այն հայտարարությունները, որ ես արել եմ մեկ տարի առաջ։ Այն ժամանակ ես կոչով դիմել եմ ե՛ւ նրան, ե՛ւ այն ժամանակվա գործող նախագահին, որպեսզի նրանք նստեն բանակցությունների սեղանի շուրջ, եւ որպեսզի իշխանության փոխանցումը խաղաղ ճանապարհով իրականացվի»,- ընդգծել է Մարուքյանը՝ հավելելով, որ ընդամենն ուզում էր խուսափել զոհերից։

Միաժամանակ, Մարուքյանը նշել է, որ հպարտանում է իր հայտարարություններով։ Նրա խոսքերով, իշխանության խաղաղ փոխանցումն իրականացվեց հենց Փաշինյանի գործողությունների շնորհիվ, ինչպես նաեւ՝ այն ժամանակվա իշխանությունների, ոստիկանության եւ քաղաքացիների։ «Այնպես որ, ես համաձայն եմ նրա ասածների հետ։ Նա ճիշտ է ասել, որ պետք է հիշել իմ հայտարարությունները։ Ես դրանում որեւէ խնդիր չեմ տեսնում»,- ասել է պատգամավորը։ Մարուքյանը նաեւ հույս է  հայտնել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները Քաղաքացու օրը «չեն վերածի ինքնագովության օրվա»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարուքյանը, խոսելով «Նորագավիթ» մաքսատանը տեղի ունեցած միջադեպի մասին, նշել էր․ «Կարծում եմ, որ Հայաստանի գլխավոր խնդիրը դրոշները ոչ ճիշտ տեղերում տեղադրելն է։ Դա կարեւոր է, սակայն դա հասարակական քաղաքացիական գիտակցության հարց է։ Եւ դա չկա, իսկ իշխանությունները խորհրդարանի արտահերթ նիստում որոշում են հաստատել Քաղաքացու օրը։ Հասունացեք դրա համար, հետո միայն հայտարարեք Քաղաքացու օր»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ