Հասարակություն - Դատախազին բացառիկ իրավասություն է տրված առանց տուժողի բողոքի քրեական վարույթ հարուցել ընտանեկան բռնության դեպքում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ մարտի 15-ին, ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինայի եւ Անդրեյ Շիրցելի հետ քննարկել է ընտանեկան բռնությունների օրենսդրության իրավակիրառ պրակտիկայի ձեւավորման խնդրի համատեքստում դատախազությանը վերապահված քրեադատավարական գործառույթների հարցը:

Դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ դատախազին բացառիկ իրավասություն է վերապահված հանրային կարգով, այսինքն առանց տուժողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցելու ընտանեկան բռնության բոլոր այն դեպքերում, երբ դատախազի գնահատմամբ տուժողը ուժեղ կախվածության մեջ է բռնարարից եւ ի վիճակի չէ կամ չի ցանկանում հետամուտ լինել իր իրավունքների պաշտպանությանը:

Համազեկուցողներին տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով մշակվել են նման իրավիճակները դատախազի կողմից գնահատելու եւ դրանից բխող անհրաժեշտ գործողություններ կատարելու հստակ ուղենիշեր, որոնց կիրառման արդյունքում նախորդ տարի հանրային մեղադրանքի կարգով ընտանեկան բռնության հատկանիշներով մի քանի տասնյակ քրեական գործեր են հարուցվել:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ համազեկուցողներին հետաքրքրող այլ հարցերի լայն շրջանակ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ