Քաղաքական - Ռոբերտ Քոչարյանը միշտ հանդես է եկել եւ երբեք չի թաքցրել այն ինչը կա. Ռուբեն Սահակյան

Ռոբերտ Քոչարյանը միշտ հանդես է եկել եւ երբեք չի թաքցրել այն ինչը կա, այսօր էլ հանդես է եկել: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը:

«Հենց առաջին նիստում, որը օգոստոսին էր, նա մի չքնաղ ելույթ ունեցավ: Նա ասել է, որ ճիշտ է եղել, երբ հրավիրել է խորհրդակցություն՝ իմանալով հանդերձ, ստանալով հաղորդագրություն ԱԱԾ ղեկավարից, որ բանակին փորձում են ներգրավել քաղաքական գործի մեջ, որ ԵԿՄ-ն ոտքի է կանգնել, փորձում են միանալ ժողովրդին, որ մարդիկ զինված են: Դուք էլ լսած կլինեք, ես անձամբ տեսել եմ, որ խոսքը գեներալ Մանվելի, գեներալ Գագիկ Մելքոնյանի մասին է: Վերջերս էլ կարդացել եմ, որ նա մի տեղ ասում է, որ հատուկ գնդի 80 տոկոսը միացել էր ցուցարարներին: Այսինքն զինվորականները միացել էին ցուցարարներին, ի՞նչ իրավունքով»,-ասաց փաստաբանը:

«Եթե Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն չմտցներ... ես ցավում եմ, որ ունեցել ենք 10 զոհ, բայց եթե ավելին լինեին զոհերը, կասեին՝ Քոչարյանը անգործության մատնվեց, տեսեք ինչքան զոհ ունեցանք»,-ընդգծեց նա:

Հարցին, թե եթե իսկապես գեներալները բանակը ներքաշել են քաղաքական գործընթացների մեջ, ինչու դրա համար պատասխանատվության չեն ենթարկվել, Սահակյանը պատասխանեց. «Այդ հարցը տվեք պատասխանատվության ենթարկողներին: Ես չեմ ուզում այդ հարցին պատասխանել»:

Նա նշեց, որ ոչ մի ապացույց չկա Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի հիմքում. «Կա ցուցմունք: Օրինակ հարց է տալիս մի սերժանտի՝ թե ինչ գնահատկան կտաք, արդյոք չի խախտել Սահմանադրությունը եւ այլն: Ախր նա իրավաբան չի, ո՞նց կարող է այդ հարցին պատասխանել: Ո՞նց ես այդ հարցը տալիս մի մարդու, որը այդ հարցին պատասխանելու իրավասություն էլ չունի: Եվ հարցն այնպես ես ձեւակերպում, որ այդ մարդուն մնում է քո հարցից երկու բառ վերցնել ու տեղափոխել իր պատասխանի մեջ: Հասկանալի է, թե ինչպես է ծնվում մի ցուցմունք, որն ունի զրոյական արժեք»:

Ռուբեն Սահակյանն ասաց, որ դեռ չեն հասցրել ծանոթանալ նյութերին ամբողջությամբ, եւ համոզված է, որ լրացուցիչ ժամկետ են պահանջելու դրա համար:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ