Հասարակություն - «Մարդուն ասել են՝ սարքի, կօրինականացնենք, հետո պաշտոնյաներ են փոխվել». «Բոգոյի» ընկերը՝ ապօրինի տարածքների մասին

Տարիներ շարունակ Կենտրոնական ավտոկայանում հոսանքի կորուստ է եղել, որն ամեն ամիս միլիոնների է հասել, ինչը անհասկանալի է, քանի որ էլեկտրականության հետ կապված ավտոկայանում ոչինչ չկա, բացի մի քանի տարածքից եւ մի քանի լուսավորությունից։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայավտոկայարանի» ներքին վերահսկողության եւ ուղեւորափոխադրումների բաժնի պետ Արտաշես Ջիլավյանը՝ խոսելով «Կիլիկիա» ավտոկայանում ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից իրականացվող գործողությունների մասին։

«Թե որտեղից են էլեկտրաէներգիայի այդ ծախսերը գոյացել, 6-րդ վարչությունից հիմա պարզում են։ Քննություն կանեն, կհասկանան։ Մեզ էլ է հետաքրքրում, թե որտեղից է գոյացել»,–ասաց նա։

Արտաշես Ջիլավյանը դժվարացավ հստակ նշել, թե որքան է կազմել էլեկտրաէներգիայի ծախսը ամեն ամիս. «Թվեր չեմ կարող ասել, բայց ամսական մեկ միլիոն, 900 հազար, 700 հազար, միլիոնից ավելի։ Փետրվարին եկել է մոտ 650 հազար, որը նախորդ ամիսների համեմատ պակաս է»։

Նա մանրամասնեց նաեւ, որ «Բոգո» մականվամբ հայտնի Ռուբեն Կոստանյանի կողմից զբաղեցրած տարածքների ազատման խնդիր կա նաեւ, քանի որ նա ավտոկայանում ապօրինի է հաստատվել, առանց որեւիցե պայմանագրի եւ հյուրանոց է դարձրել տարածքը։ «Մենք դիմել ենք ոստիկանությանը, որ հասարակական կարգը պահպանի, մարդիկ տարածքից իրենց գույքը հանեն»։

Ռուբեն Կոստանյանի ընկեր Արմեն Ավետյանն էլ նշեց, որ ժամանակին իր ընկերոջը նախորդ իշխանությունները խոստացել են օրինականացնել այդ տարածքները, սակայն պաշտոնյաներ են փոխվել. «Ապօրինի ոչինչ չկա, մարդուն ասել են՝ սարքի, կօրինականացնենք, հետո պաշտոնյաներ են փոխվել։ Հիմա ասում է թույլ տվեք, աշխատենք, թույլ չեն տալիս։ Այդ հյուրանոցներում պատահական մարդիկ չեն կարող գալ, համար վարձել, դրանք Վրաստանի գծի վարորդների համար են»։

Վարորդների դիտարկումներին, թե «Բոգոն» իրենով է արել ավտոկայանը, նրա ընկերը նշեց, որ «նա իրենով չի արել,  համակարգել է ավտոկայանի աշխատանքները»։ Իսկ լրագրողի հարցին, թե ով է եղել ի պաշտոնե նա, որ համակարգել է, Արմեն Ավետյանը նշեց. «Թաղի տղա է եղել»։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ