Հասարակություն - «Մամուլի հետ չի կարելի վերջնագրերի լեզվով խոսել, դա խաղ է կրակի հետ». Մերուժան Տեր-Գուլանյան

Մամուլի հետ չի կարելի վերջնագրերի լեզվով խոսել, դա խաղ է կրակի հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Անդին» գրական գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը՝ անդրադառնալով հնգօրյա ժամկետում Բուզանդի հասցեում գտնող տարածքը ազատելու մի շարք լրատվամիջոցներին ուղղված քաղաքապետարանի ծանուցմանը։

«Այս շենքը դրսից գեղեցիկ է, ներսից քստմնելի։ Այս շենքի ներսը ուղղակի տարաշխարհիկ է։ Ո՞վ է ճարտարապետը եւ ո՞վ է երազել այսքան դաժան»,–նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Նրա խոսքով՝ շենքը ստացել են սարսափելի վիճակում, սակայն կարողացել են «քրիստոնեական» տեսքի բերել. «6  տարի առաջ, երբ այստեղ տարածք տվեցին «Անդին» ամսագրին, պատը գրեթե ստվարաթղթից էր, որը հեշտությամբ կարելի էր ձեռքով կոտրել։ Մենք տարածք չենք ստացել, ստացել ենք հողամաս, սակայն այստեղ ծառ տնկելու հնարավորություն էլ չկար։ Հսկայական փող ծախսեցինք, որ քրիստոնեական տեսքի բերենք։ «Ֆանտաստիկ» զուգարաններ ուներ, մտնելիս աչքերդ մրմռում էր մտնելիս, նորմալ սանհանգույց սարքեցինք ու սկսեցինք աշխատել։ Քաղաքապետարանը տեսնելով որքան փող ենք ծախսել, որոշեցին ժամանակավորապես անհատույց տրամադրել, որովհետեւ փող չէին ծախսել եւ սենյակներ չէին տրամադրել»։

Ամսագրի խմբագրական խորհրդի նախագահը համոզված է՝ Երեւանի քաղաքապետարանը այդ շենքում տեղավորված լրատվամիջոցներին պարտք է. «Այս մեռյալ շենքը կենդանանում է մեզանով։ Այս շենք գալիս մարդիկ, մտավորականներ, գրողներ, նկարիչներ գալիս են այս խմբագրությունների համար»։

Նա քաղաքապետարանին հորդորեց մամուլի հետ այդ տոնով չխոսել. «Դա խաղ է կրակի հետ։ Այն որոշումը, որն ուղարկել են մեզ, չափազանց անհարգալից վերաբերմունք է մամուլի նկատմամբ։ Երբեք մամուլի հանդեպ այսպիսի վերաբերմունք չեմ տեսել, ինչպես այս վերջնագրում։ Չի կարելի մամուլի հետ վերջնագրի լեզվով խոսել։ Մամուլի հետ պետք է հարգանքով լինել։ Թող գան տեսնեն ինչից ինչի է վերածվել այս շենք»։ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ