Հասարակություն - Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին վերականգնումից հետո կբացվի գարնանը

Հալեպի 40 նահատակների մայր տաճարում վերականգնումից հետո առաջին պատարագը տեղի կունենա մարտ-ապրիլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եկեղեցին 2015 թվականին պայթեցրել էին ԻՊ գրոհայինները, նրանք պայթուցիկ էին դրել հիմքի տակ փորված ստորգետնյա թունելների մեջ:

«Աշխատանքների ծավալը վիթխարի էր: Միջանցքն ամբողջությամբ ավերվել էր, ստիպված էինք այն նորից կառուցել: Մենք օգտագործել ենք պահպանված հին քարերը, դրանք հավաքել ենք եւ դրել նորովի: Սա ամենադժվարն էր: Շենքի գրեթե 70 տոկոսը ավերված էր»,- ասում է ինժեներ Գաբրիս Թամասյանը: Արդեն դրվել են տաճարի նոր դռները եւ պատուհանները, նստարաններն են բերում: Ճակատամասն ամբողջությամբ վերականգնվել է, ավարտին են մոտենում երեսապատման աշխատանքները:

40 նահատակների եկեղեցու վերականգնումը ֆինանսավորվում է Հալեպի հայ համայնքի հավատացյալների նվիրատվություններով: Առնվազն 150 հազար մարդ իր ավանդն է բերել սրբավայրի վերականգնման գործին: Նախատեսվում է տաճարում առաջին պատարագն անցկացնել մարտի վերջին-ապրիլի սկզբին:

Մինչեւ պատերազմը Հալեպում բնակվում էր մոտ քառորդ միլիոն քրիստոնյա, քաղաքում կար ոչ պակաս, քան 45 գործող եկեղեցի: Այսօրվա դրությամբ դրանց մոտ կեսն ավերված է եւ սպասում է վերականգնվելու իր հերթին: Պատերազմի ժամանակ շատ ահաբեկչական խմբավորումների գրոհայիններ այլահավատների հանդեպ ատելությամբ ամբողջ երկրում ոչնչացնում էին քրիստոնեական վանքերը, տաճարները եւ եկեղեցիները, դիակապտություն էին անում ու պղծում քրիստոնեական սրբությունները:

Անտիոքի ուղղափառ եկեղեցու եւ ամբողջ Արեւելքի պատրիարք Հովհաննես Х-ը հայտնել է Սիրիայի տարածքում ավելի քան 120 տաճարների ոչնչացման մասին: Եվ հիմա քրիստոնյաների ու մուսուլմանների համատեղ ջանքերով պետք է վերականգնվի ավերվածը եւ Սիրիային վերադարձվի հնագույն ու մեծ պատմությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ