Քաղաքական - Հայաստանի արդյունավետ համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ շարունակում է խորանալ. Ավինյան

Փետրվարի 5-ին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը հանդիսանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ) Հայաստանի կառավարիչը, ընդունել է ՎԶԵԲ Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը ռազմավարական գործընկեր է հանդիսանում Հայաստանի համար և արդյունավետ համագործակցությունը Բանկի հետ շարունակում է խորանալ: Փոխվարչապետը կարեւորել է մի շարք ուղղություններով ՎԶԵԲ հետ համագործակցությունը մասնավորապես տարբեր ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտի զարգացման, ֆինանսական շուկաների կայացման եւ ՓՄՁ ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի մասով:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մատեո Պատրոնեն նշել է, որ մոտակա ամիսների ընթացքում դիագնոստիկ ուսումնասիրության արդյունքում՝ ՎԶԵԲ-ը ձեռնամուխ է լինելու երկրի գործընկերության հնգամյա ռազմավարության ձեւակերպմանը՝ կառավարության ծրագրային առաջնահերթությունների հետ համահունչ եւ կառավարության հետ ակտիվ երկխոսության միջոցով: Սա լինելու է նաեւ գարնանը սպասվող ՎԶԵԲ նախագահի Հայաստան այցի օրակարգային հարցերից մեկը:

Այս առումով Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ վաղը կառավարության ծրագիրը կներկայացվի Ազգային ժողով եւ կհրապարակվի, ինչի արդյունքում արդեն ավելի առարկայական քննարկումներ կարող են գնալ կառավարության տեսլականին ՎԶԵԲ ռազմավարությունը մոտարկելու առումով: Փոխվարաչապետը նաեւ հավելել է, որ կառավարության ծրագիրը հիմնված է ներառական աճի, տնտեսության մրցունակության բարձրացման եւ արտահանման խթանման վրա:

Զրուցակիցները քննարկել են նաև ՎԶԵԲ աջակցությամբ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանման, պետություն-մասնավոր գործընկերության, տեղական կապիտալի շուկայի զարգացման, պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի սկզբնական տեղաբաշխման գործիքակազմի հետ կապված հարցեր:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ