Հասարակություն - Նորմալ է, որ տեղումներն սկսելուց երեք ժամ անց քաղաքում դեռ ձյուն կա. Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

Ձյան տեղումների և ձնամաքրման հետ կապված մտահոգությունը ընդհանուր առմամբ նորմալ է, բայց դրա ներկայացման «ուրույն» եղանակը տեղ-տեղ զվարճացնում է, տեղ-տեղ էլ՝ արդեն հոգնեցնում։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Սիրելի գործընկերներիցս մեկը զանգել է ժամը 12-ն անց ու հարցնում է «Երևանում ձնամաքրման աշխատանքների հետ կապված աճող դժգոհության մասին։ Էն դեպքում, երբ բարձրադիր հատվածներում՝ Մասիվում ձյունն սկսել է տեղալ առավոտյան 7-ի կողմերը, իսկ ժամը 11-ին բոլոր գլխավոր փողոցներն արդեն մաքրված էին, երկրորդականները՝ անցանելի։ Էս պահին էլ մաքրվում են, այդ թվում նաեւ՝ մայթերը։ Կարելի է իհարկե ևս մի երեսուն ձյուն մաքրող մեքենա առնել (իրականում՝ պետք չի), արտասահմանից հրավիրել ձնամաքրման գործի բարձրակարգ վարպետների ու թրեյնինգներ կազմակերպել մերոնց հետ, զարկ տալ ոլորտում բարձր տելնոլոգիաների զարգացմանն ու ավտոմատ ձնորսիչ սարքեր ներդնել։

Բայց նախ պետք է հասկանալ, որ ձյունը գալու սովորություն ունի, հատկապես՝ ձմռանը, ու նորմալ է, որ տեղումներն սկսելուց երեք ժամ անց քաղաքում դեռ ձյուն կա: Եկեք փորձենք գտնել մի մեգապոլիս կամ միլիոնանոց քաղաք մեզ հետ համադրելի աշխարհագրական լայնությունների վրա, որտեղ ձյունը գալուց չորս ժամ հետո մաքրման աշխատանքների կարիք այլևս չկա, և մենք պատրաստ կլինենք կիրառել նրանց փորձը։»,-գրել է նա։

Քաղաքապետարանից վստահեցնում են, որ ուրբաթ լույս շաբաթ գիշերը սկսված ձյան տեղումների հենց սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները՝ որոնցում ներգրավված են մեքենա-մեխանիզմներ և այլ անհրաժեշտ ռեսուրսներ:

«Մայրաքաղաքում բնականոն կյանքն ապահովելու համար մաքրվում են ինչպես գլխավոր և երկրորդական ճանապարհները, այնպես էլ մայթերը, բակային տարածքները, աստիճանները և այլն: Հիշեցնում ենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար շատ կարևոր է երևեկության դուրս գալ բացառապես ձմեռային անվադողերով: Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ