Հասարակություն - Ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է հանդիպում Արտակ Զեյնալյանի հետ

Արմավիր ՔԿՀ-ում երեկ անժամկետ հացադուլ է հայտարարել ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը: Այս մասին հայտնեցին դատապարտյալի հարազատները: Սպանության մեղադրանքով ցմահ դատապարտվածը պահանջում է քրեական գործի վերաբացում:

«Վաղարշակը խնդրում է կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների և արդարադատության նախարարի հետ հանդիպում»,- մանրամասնեցին հարազատները:

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության մայոր Նոնա Նավիկյանը հաստատեց տեղեկությունը, որ դատապարտյալը երեկվանից հացադուլի մեջ է: Նա շեշտեց, որ դատապարտյալը գտնվում է բժշկի վերահսկողության ներքո:

Ինչ վերաբերում է ասուլիս և արդարադատության նախարարի հետ հանդիպում կազմակերպելուն, Նոնա Նավիկյանը շեշտեց, որ ներքին կանոնակարգի համաձայն՝ այդ մասին ոչինչ չի կարող ասել, այդ մասին հայտարարում են դատապարտյալի հարազատները:

«Միայն կարող եմ ասել, որ հացադուլը կապված է քրեական գործը վերանայելու պահանջի հետ»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ Վաղարշակ Ավետիսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008թ. մարտի 16-ին Գորիսի ավտոճանապարհին տաքսու վարորդի սպանության համար: Դատաքննության ընթացքում Վաղարշակը այդպես էլ իր մեղքը չի ընդունել:

Այս տարիներին նա մի քանի անգամ հացադուլ է հայտարարել և հայտնել է , որ պատրաստ է դիմել կտրուկ քայլերի, եթե իր ներկայացրած պահանջները չբավարարվեն: Դատապարտյալը օգոստոսին ևս հացադուլ էր հայտարարել , ինքնավնասում էր կատարել: 2018 թ. օգոստոսի 11-ին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելության ընթացքում հանդիպել էր Վաղարշակ Ավետիսյանին, և հանդիպումից հետո դատապարտյալը դադարեցրել էր հացադուլը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ