Քաղաքական - Մենք պարտվողական չենք եղել և չենք լինելու. ԱԳ նախարարը՝ Արցախի բանակցային գործընթացի մասին

Հայաստանի համար ԼՂ բանակցային գործընթացում գերակա են Արցախի կարգավիճակի ու անվտանգության հարցերը, որոնց շուրջ են ընթանում բանակցությունները։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմն ուշադրություն է դարձնում բոլոր այն հանգամանքներին, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին. «Դրանք շատ էական և կարևոր էլեմենտներ են այս գործընթացում»,–նշեց ԱԳ նախարարը։

Մնացականյանը հավաստիացրեց՝ բանակցային գործընթացում որևէ կերպ չեն շեղվել այն ամենից, ինչի մասին հրապարակային խոսել են. «Մենք որևէ կերպ չենք շեղվել այն ամենից, ինչ ասել ենք։ Մենք ընդգծել ենք բոլոր այն հիմնական սկզբունքները, որոնք վերաբերվում են բացառապես խաղաղ կարգավորմանը, բացառապես Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում։ Ամենակարևորը, որ մենք ասել ենք, որ Հայաստանի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են գերակա։ Սրա շուրջ է բանակցությունը գնում։ Մի սպասեք մի բան, որ դուք չիմանաք։ Երկխոսությունը եղել է դրա շուրջ»։

Նախարարի համար զարմանալի և տարակուսելի են պարտվողական տրամադրությունները այս առնչությամբ, նա վստահեցնում է՝ պետք չէ մտածել, որ խափանելու ենք իրենց որդեգրած դիրքորոշումը. «Ինձ համար զարմանալի է եղել այն, թե մենք ինչ–որ պարտվողականության տրամադրություն ունենք մեր հասարակությունում կամ ինքնավստահությունն ենք կորցրել։ Ես վստահ եմ, որ մենք նման բան չունենք մեր հասարակության մեջ, և պետք չէ մտածել, թե մենք խափանելու ենք մեր այդ դիրքորոշումը»։

Զոհրաբ Մնացականյանը շեշտեց նաև՝ «մենք պարտվողական չենք եղել և չենք լինելու»։

Բանակցություններին Ղարաբաղի ներգրավվածության մասով նա նշեց, որ այդ հարցը ևս քննարկվել է հանդիպումների ժամանակ։ Նրա խոսքով՝ դա հետևողական աշխատանք է, նաև պրակտիկ կիրառական հարց է. «Եթե ամեն բան միանգամից չի լինում, դա չի նշանակում, որ մոռացանք ու անցանք։ Սա մեր համար շատ կոնկրետ պրակտիկ խնդիր է, որպեսզի ավելի գործնական և իրատեսական լինել բանակցային գործընթացում պրոգրեսը»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասով նախարարը նշեց, որ նախկին հայտարարություններում էլ է նման դրույթ եղել, իսկ ՄԱԿ գլխավոր քարտուղարի արձագանքն էլ նոր չէ, դրանով նա ցանկանում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափով արձանագրված արդյունքներին կամ արված հայտարարություններին. «Մենք աշխատում ենք խաղաղության համար և մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի։ Խաղաղությանը այլընտրանք չկա։ խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»։

Նա հավաստիացրեց՝ այն ինչ անում են, անում են բաց թափանցիկ, եթե որևէ փաստաթղթի մասին չի հայտարարվել, ուրեմն չկա։

Դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները արդեն երրորդ անգամ հանդիպում են առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցության, դա շեղում է ֆորմատից, Մնացականյանը նկատեց, որ երեք հանդիպումները եղել են հանպատրաստից. «Օգտագործվել է այն առիթ, որ ղեկավարները գտնվել են նույն վայրում, երկու ղեկավարների համար առիթ է եղել միմյանց հետ ծանոթանալու, միմյանց զգալու և միմյանց հետ տեսլականները և մոտեցումները փոխանակելու համար։

Եվ դա շատ դրական բան է, որովհետև դյուրացնում է և հնարավորություն է ստեղծում ավելի լավ իրար զգալու և ավելի արդյունավետ աշխատելու այս հարցերի շուրջ։ Շատ լավ է, որ ղեկավարները առիթ են ունեցել տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու, որ ավելի լավ պատկերացնեն միմյանց մոտեցումներն ու տեսլականները»։

Նախարարը, սակայն, համաձայն չէ, որ բանակցությունները փակուղում են,նա ընդգծում է՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հայկական կողմը չի հրաժարվել, ավելին՝ դրան ավելացել է Դուշանբեն. «Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները նպատակաուղղված են ռիսկերի նվազեցմանը, դրան ավելացել է Դուշանբեն։

Այս արանքում մենք հասել ենք նրան, որ ունենք նվազ ռիսկեր, հանգստություն շփման գծում և սահմանին, որևէ հարց դուրս չի եկել։ Մեր համար կարևոր է եղել ռիսկերի նվազեցումը, ինչպես էլ դա փաթեթավորված լինի, կոչվի Վիեննա թե մեկ այլ բան, ինչ կաշխատի, կաշխատացնենք։ Կարողացել ենք աշխատացնել մի մեխանիզմ, որը ռիսկերի նվազեցման առումով նպաստավոր է »,–եզրափակեց Մնացականյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ