Քաղաքական - Քննարկել ենք այն, ինչի մասին խոսում ենք նաև հրապարակային. ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկում. Փաշինյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներն ու քննարկումները բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ ու պաշտոնական հանգրվան չեն: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ իր 1,5 ժամ տևած հանդիպմանը:

«Ինչ վերաբերում է Դավոսի հանդիպմանը, ապա Դավոսի կազմակերպիչներ իմանալով, որ երկուս էլ էստեղ ենք, հարցրել են, թե արդյոք դեմ չենք շփմանը, մենք ասել ենք՝ դեմ չենք: Ադրբեջանի նախագահն էլ է նույնը ասել և ոչ պաշտոնապես հանդիպել, քննարկել ենք:

Հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որ եթե առնվազն նույն տեղում ենք գտնվում, առնվազն չենք խուսափում հանդիպումներից: Ես նկատի ունեմ, որ մեր պայմանավորվածությունները այնպիսին են, որ եթե որևէ հանդիպմանը դեմ դիմաց դուրս գանք, պետք է 2 բառ փոխանակենք, խոսենք»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հանդիպման բովանդակությանը, ՀՀ վարչապետն ասաց.

«Ըստ էության մեր երեք հանդիպումների ժամանակ մենք ավելի շատ քննարկում ենք բանակցային գործընթացի պատմությունը: Այսինքն երբ ինչ տեղի ունեցավ, երբ ինչ իրավիճակ էր և այդպես շարունակ: Իհարկե, քննարկում ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ, հնարավորություններ, ինչ անհնարինություններ կան կարգավորման կոնտեքստում:

Ոչ մի էսպես կոնկրետ դետալ չենք քննարկում, մենք ուղղակի մտքեր ենք փոխանակում: Սա ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի փոխադարձ ընկալումներին ծանոթանալու հնարավորություն է»:

Փաշինյանն ընդգծեց, որ քննարկումների առանցքը այն ամենն է, ինչի մասին ինքը խոսում է նաև հրապարակային. «Այս առումով կարևոր եմ համարում արձանագրելը, որ ընդհանրապես լինում են դեպքեր, մեկնաբաններ, ուժեր, գործիչներ, որոնք փորձում են մեր հանրությանը ներշնչել, որ ինչ-որ դավադրությունների մասին, դավադրությունների տեսություններ կառուցել: Ես հույս ունեմ, որ այս պայմանավորվածությունը մեր մեջ մեկընդմիշտ է, որ դավադրություններ մեր մեջ լինել չեն կարող: Աբսուրդ է անգամ մտածել այդ մասին:

Դա իրավիճակի չընկալման հետևանք է, որ որևէ մեկը մտածում է, որ մեր կառավարությունը կարող է և ես անձամբ որևէ դավադրության մեջ ներգրավվեմ կամ ներքաշվեմ: Իհարկե, հասկանալի է, որ երբ խոսում են երկու երկրների ղեկավարներ, նրանցից յուրաքանչյուրը խոսում է իր պետության, իր ժողովրդի շահերի դիրքերից: Այլ կերպ մտածելը իրավիճակի թյուրըմբռնման հետևանք է»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ