Քաղաքական - Զավեշտալի էր հետևել, թե ինչպես են լուծարված ԱԺ-ի պատգամավորները քննադատում պարգևավճարների համար, որոնք իրենք նույնպես հաճույքով ստացել են. Փաշինյան

Ընդհանուր առմամբ, պարգևավճարները և աշխատավարձերը վճարվում են պետական բյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են պարգևավճարների և աշխատավարձերի համար.

Facebook-ի ուղիղ եթերում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քննարկման առարկա դարձած այն թեմային, որ մարզպետներն իրենք իրենց պարգևավճարներ են նշանակել:

«Ըստ էության, մեր պետական կառավարման համակարգում պարգևավճարները աշխատավարձի մաս են, և այդպիսի համակարգ է ՀՀ-ում գործում»,-ասաց նա, ընդգծելով, որ այս հարցում թյուրըմբռնում կա քաղաքացիների մոտ:

Նա ասաց, որ երբ ինքը ստանձնել է վարչապետի պաշտոնը, եղել է այդպիսի ավանդույթ, որ ամեն եռամսյակը մեկ պետական կառավարման համակարգի աշխատողները կամ նրանց մի մասը ստացել են պարգևավճարներ:

«Իհարկե, շատ զավեշտալի էր հետևել, թե ինչպես են ԱԺ պատգամավորները քննադատում կառավարության կամ մարզպետարանի ներկայացուցիչներին, որ նրանք պարգևավճարներ են նշանակել կամ ստացել:

Պատգամավորները չեն ասում՝ լավ, իրենք նույնպես դեկտեմբերին, ինչպես պետական կառավարման շատ մարմիններ, ստացել են այդ 13-րդ աշխատավարձը, որը երկար տարիների ավանդույթ է:

Այսինքն՝ այդ պատգամավորները չեն ասել՝ վայ, գիտեք, մենք լուծարված ԱԺ-ի պատգամավոր ենք, մեզ մի տվեք այդ պարգևավճարները: Նրանք հաճույքով այդ պարգևավճարը, որ աշխատավարձի մաս է, ստացել են և հիմա էլ ասուլիսներ են հրավիրում ու ասում՝ ո՞նց կարելի է, չեն ասում՝ լուծարված խորհրդարանի լուծարված պատգամավոր լինելով՝ ես ստացել եմ, իսկ որ պետական կառավարման համակարգում այլ աշխատողներ ևս ստացել են, դա պրոբլեմ է»,-ասաց նա:


Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ ասում են՝ մարզպետներն իրենք իրենց պարգևավճար են նշանակել: «Բայց այդ նույնն է, որ ասենք, որ կառավարությունն ինքն իրեն աշխատավարձ է տալիս: Բա գործադիր մարմինն իրենք են, և այդ որոշումն իրենք պետք է կայացնեն, և դա ընդամենը աշխատավարձի հավելում է, որը, համատարած կարծիքի համաձայն, շատ ցածր է և թույլ չի տալիս համակարգի աշխատողներին մեծ ջանքեր գործադրել և բարձր որակավորում ունեցողների ներգրավել պրոցեսի մեջ»,-ասաց նա և նշեց, որ ինչ-որ տեղ հասկանալի է հասարակության վրդովմունքը, բայց պետք է նաև հասկանալ նրբությունները:

Վարչապետը հիշեցրեց, որ երբ ինքը պատգամավոր էր, բոլոր մյուս պատգամավորների նման միշտ էլ ստացել է այդ «13-որ աշխատավարձ» կոչվածը և երբ վարչապետի պաշտոնն է ստանձնել, ասել է, որ համենայն դեպս որևէ քայլ չձեռնարկել, մինչև աշխատավարձերի հետ կապված թնջուկը լուծեն:

Նա նաև այն խնդրին անդրադարձավ, որ երբ խոսք է լինում այն մասին, որ պետական կառավարման կառուցվածքը կարող է փոխվել կամ պետք է փոխվի և դրա հետևանքով կարող են որոշ աշխատատեղեր փակվել, այդ նույն ուժերն ասում են, բա այդ մարդկանց սոցիալական վիճակի մասին չե՞ք մտածում:

«Իսկ երբ ստանում են 13-րդ աշխատավարձ, կամ ընդհանրապես աշխատավարձ, ասում են՝ ո՞նց, իրենց աշխատավա՞րձ եք տալիս: Պետք է կողմնորոշվենք այդ հարցում, որովհետև կա նաև այլ խնդիր, մենք այսօր նույն Երևանի քաղաքապետարանում, նախարարություններում, կառավարման համակարգում բարձր որակավորում ունեցող կադրեր ներգրավելու խնդիր ունենք:

Գիտեք, որ մարդիկ կան, որ որոշակի որակավորում ունեն, մենք ընդհուպ հրավիրում ենք նախարար աշխատելու, ասում են, մենք 5-6 մլն, 10 մլն աշխատավարձ ենք ստանում, 400 000-600 000-ով չենք կարող գալ, եթե մեզ կտաք մեր աշխատավարձի հետ համետելի աշխատավարձ գոնե, կգանք, չեք տա՝ չենք գա»,-ասաց նա:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ խոսում են, որ Կառավարության կադրային քաղաքականությունը վատն է, թեև ինքը չի կարծում, որ վատագույնն են ընտրում, բայց եղել է, որ հրավիրել է մարդկանց, ասել են՝ չմտածեք, թե չենք ուզում երկրին ծառայություն մատուցել, բայց ունենք ֆինանսական պարտավորություններ և չեն կարող համաձայնել այդ պայմաններով աշխատել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ