Քաղաքական - Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ վերսկսվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Նշենք, որ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է եւս երկու ամիս ժամկետով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։ Այս երկու գործն էլ մակագրված է դատավոր Արթուր Մկրտչյանին։

Նշենք, որ նախորդ՝ հունվարի 14–ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանին՝ պատճառաբանելով, որ Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը մտերիմ է դատավորի ընտանիքի հետ։ Դատարանը սակայն մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կապերը դատավորի ընտանիքի հետ այնքան սերտ չեն, որ ազդեն դատարանի որոշման վրա։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռեւս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, եւ դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների խոսքով՝ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի որոշումից անցել է ավելի քան չորս ամիս եւ այդ ընթացքում որեւէ կերպ գործին խոչընդոտելու գործողություն նրա կողմից չի կատարվել եւ որ որեւէ հիմք չկա Ռոբերտ Քոչարյանին այս պահին կալանքի տակ պահելու համար: Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ