Հասարակություն - Հայաստանը համալրել է 2018-ին ժողովրդավարության առաջխաղացման հարցում զգալի դրական տեղաշարժ արձանագրած պետությունների շարքը

Բրիտանական The Economist Group-ի հետազոտական և խորհրդատվական ճյուղ կազմող Economist Intelligence Unit-ը (EIU) հրապարակել է «Ժողովրդավարության համաթիվ-2018» զեկույցը, որում ներառված 167 երկրի շարքում է նաև Հայաստանը:

Տվյալ զեկույցը ներկայացնում է աշխարհի տարբեր պետություններում ժողովրդավարության վիճակը: Փաստաթուղթը կազմելիս հեղինակները հաշվի են առել հետևյալ 5 գործոնները՝ ընտրական գործընթաց և պլյուրալիզմ, քաղաքացիական ազատություններ, կառավարության աշխատանք, քաղաքական կյանքին մասնակցություն և քաղաքական մշակույթ:

Բացի այդ, մասնագետներն առանձնացրել են ռեժիմի չորս տեսակ՝ լիարժեք ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ և ավտորիտար ռեժիմ:

Մեր երկիրը համալրել է 2018-ին ժողովրդավարության առաջխաղացման հարցում զգալի դրական տեղաշարժ արձանագրած պետությունների շարքն ու Վրաստանի հետ մեկտեղ ներառվել «հիբրիդային ռեժիմ» կատեգորիայում:

Հատկանշական է, որ Հայաստանը «հիբրիդային ռեժիմ» կատեգորիայում դասակարգված բոլոր երկրների (Արևելյան Եվրոպայի տարածաշրջան) շարքում լավագույն ցուցանիշն է արձանագրել՝ 2017թ. 4.11 ցուցանիշը հասցնելով 4.79-ի: Սրա արդյունքում մեր երկիրը 111-րդ հորիզոնականից 103-րդն է տեղափոխվել: Զեկույցի հեղինակները դա կապում են «թավշյա հեղափոխության» և դրան հաջորդած քաղաքական իրադարձությունների հետ:

Մինչդեռ Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, 2017թ. համեմատ զիջել է դիրքը:

Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը, ներառվելով «ավտորիտար ռեժիմ» կատեգորիայում, մի քանի հորիզոնականով կտրուկ անկում են ունեցել:

Ադրբեջանը, ինչպես և նախորդ զեկույցում, դասակարգվել է որպես «ավտորիտար» պետություն:

2006թ. ի վեր ամեն տարի ներկայացվող զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ վերջին երեք տարվա մեջ առաջին անգամ համաշխարհային ժողովրդավարությունը մնացել է կայուն հիմքի վրա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ