Հասարակություն - Խիստ հսկողություն կսահմանվի Արթիկի անտառներում

Հանրապետության անտառածածկ տարածքներում խստացվել է հսկողությունը: Ամանորին տանը ոչ թե արհեստական, այլ բնական եղևնի կամ սոճենի ունենալու ցանկությունը շատերին է այս օրերին ծառահատման մղում: Շիրակի մարզի սակավաթիվ անտառներից մեկն Արթիկում է: Առանց զենքի ու արտահագուստի, բայց միշտ զգոն՝ անտառը հսկելու գործում:

Անտառապահներն այսպես են պայքարում ապօրինի ծառահատումների դեմ, իսկ ամենատարեց անտառապահն հենց անտառում էլ ապրում է:
Արթիկում 1250 հա տարածքով անտառը 60 տարի առաջ է հիմնվել, հիմնականում սոճենիներ են աճում: Անտառի գեղեցկությունը անտառապահներն իրենց սեփականությունն են համարում: Մութ ու ցուրտ տարիներին կտրված ծառերի տեղը նորերը տնկեցին, անտառը վերականգնվեց, իսկ ծառահատների նկատմամբ զգոնությունն ավելի մեծացավ:

15 տարվա անտառապետ Լևիկ Մկրտչյանը վստահեցնում է՝ իր տան պես պահել ու պահպանել է անտառը, միշտ դուխով, որ ծառահատները չեն հանդգնում մոտենալ ծառերին: Անտառապետը որպես անտառապահ աշխատելու մեծ ցանկություն էլ ունի, միայն թե նոր տարվանից կենսաթոշակի է անցնում, աշխատանքից ազատման հրամանն էլ արդեն գրված է:

Սկզբում անտառապահները միայն տնկիներով էին կարողանում անտառ վերականգնել, իսկ այս փոքրիկ սոճիները բնական աճի արդյունք են, ընդ որում, աճել են հենց տուֆաշերտի վրա, ինչը զարմացրել է անտառապահներին:

Տարիներ առաջ այստեղ լքված վայր չէր, Արթիկտուֆի ճամբարն էր, որտեղ Լևիկ պապի կինն էր աշխատում: 30 տարի է՝ ամուսիններով այս անտառում են բնակվում: Ճամբարին պատկանող շինությունը նրանց մշտական կացարան է դարձել: Բրոնխիալ ասթմայով տառապող կնոջը ոչ մի առողջարան չբուժեց, օգնեց միայն սոճենիների անտառը: Միակ տնակում մի քանի տարի առանց էլեկտրականության են ապրել, հետո տանտերն իր ձեռքով է տան էլեկտրականությունն ապահովել՝ արևային մարտկոցներով:

Նոր տարում աշխարհին խաղաղություն է մաղթում, իսկ իրեն՝ առողջություն, ինչից այս տարիքում չի դժգոհում, ամեն առավոտ մարզվում է: Անտառի բնակիչների տոնական սեղանն արդեն պատրաստ է, 80-ամյա պապին առաջինը շնորհավորողներն անտառապահ ընկերներն են:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ