Քաղաքական - Մենք ստիպված ենք ծրագիրը ավարտին հասցնելու համար գնալ այսպիսի ծայրահեղ քայլի. Արարատ Միրզոյան

Հայաստանի կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 27-ի իր նիստում որոշեց Երևանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել:

Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնապատար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Երևանի այդ տարածքի գոտևորման նախագծով նախատեսվում է Երևանի գլխավոր պողոտայի վերակառուցման և կառուցապատման աշխատանքներ: Կառուցապատման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների:

«Տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է գլխավոր պողոտան:

ՀՀ կառավարության որոշմամբ նշված տարածքների նկատմամբ ճանաչվել էր հանրության գերակա շահ և օտարման վերջնաժամկետ է ճանաչվել 2018-ի հունիսի 30-ը: Տարածքների ձեռքբերող էր ճանաչվել «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերությունը:

Այդ ընկերությունը որոշ սեփականատարերի չի ուղարկել տարածքի օտարման պայմանագրերի նախագծերը և 48 միավոր գույք դեռևս չի իրացվել: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը»,-ընդգծեց Պապիկյանը:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշեց, որ սա նախկինից ժառանգություն ստացած ծանրագույն հարցերից մեկն է. «Այդ տարածքի հանրային գերակա շահ ճանաչելը տխուր պատմություն ու վատ համբավ ունի: Հիմա մենք ստիպված ենք ծրագրի ավարտին հասցնելու համար գնալ այսպիսի ծայրահեղ քայլի, բայց պետք է երաշիքներ ունենաք և բոլոր ջանքերը գործադրենք, որ այս պրոցեսը չպետք է իրականացվի այն տխրահռչակ մեթոդով, ինչպես իրականացվել է տարիներ առաջ: Մենք ունե՞նք այդ երաշխիքները, պարոն Պապիկյանը»:

Ի պատասխան Պապիկյանն ասաց, որ համապատասխան ընկերությունը հավաստիացրել է, որ քաղաքի տարբեր հատվածներում ունեն իրենց կառուցած բազմաբնակարան շենքեր և կարող են այդ բնակարաններով փոխհատուցել բնակիչներին»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ