Քաղաքական - Արմավիրի ավագանին Մանվել Գրիգորյանին չի զրկել «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչումից

Արմավիրի ավագանին այսօր կայացած նիստում գեներալ Մանվել Գրիգորյանին չի զրկել Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից, որոշվել է այդ հարցը քննարկել ավագանու հաջորդ նիստի ընթացքում:

 

Այս մասին  ասաց  Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը: Նա տեղեկացրեց, որ հարցն այսօր կայացած նիստին ևս քննարկվել է, բայց, քանի որ ստորագրությունները փոխանցվել է երեկ, օրակարգում այդ հարցը չի ներառվել, հետևաբար պետք է քվեարկություն տեղի ունենար և հարցը բերվեր օրակարգ:

 

«Ավագանու անդամները մեկնաբանում են, որ սա քաղաքի համար նախադեպը չունեցող որոշում է, նախկինում երբեք ինչ-որ մեկին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից չեն զրկել, ու մեկ օրվա աշխատանքային ռեժիմով հրատապ հարցը քննարկելը և որոշում ընդունելը նրանք նպատակահարմար չհամարեցին: Պայմանավորվածությունը հետևյալն է. հաջորդ հերթական նիստի օրակարգում կլինի հարցը, չի բացառվում, որ Մանվել Գրիգորյանի կողքին հայտնվեն նաև այլ անուններ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի անունը: Քաղաքապետարանը պետք է ուսումնասիրի՝ առհասարակ ովքեր են պատվավոր քաղաքացու կոչում ստացել: Դա արդեն կլինի ավագանու ու արմավիրցիների նպատակահարմարության հարցը»,-մանրամասնեց նա:

Արմավիրի քաղաքապետը չբացառեց նաև, որ այդ հարցով կարող է նաև ավագանու արտահերթ նիստ գումարվել:

Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ բազմաթիվ արմավիրցիների նախաձեռնությամբ այսօր Արմավիրի ավագանու արտահերթ նիստին քննարկվելու է Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ