Հասարակություն - Մանվել Գրիգորյանը գտնվում է իր առանձնատանը, ոստիկանները 24-ժամյա հսկողություն են իրականացնում․ Օսիպյան

Նախօրեին 24 մլն դրամ գրավով ազատ արձակված Մանվել Գրիգորյանը գտնվում է Ակնալճում գտնվող իր առանձնատանը, նրա տունը գտնվում է ոստիկանների հսկողության տակ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Էջմիածին- Երեւան ճանապարհը փակած ցուցարարներին հայտնել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Այնտեղ ոստիկաները շուրջօրյա՝ 24 ժամ հսկողություն են իրականացնում։ Մենք օրենքի կողմն ենք, մենք պահպանում ենք օրենքը»,- ասաց Օսիպյանը։

Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը պետք է իրավական գնահատական տա երեկ եւ այսօր Էջմիածնում Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ անցկացվող ցույցերին։

«Իրավական գնահատականնը պետք է տա պետական լիազոր մարմինն ի դեմս Ոստիկանության, պետք է հասկանալ՝ ովքեր են այդ կազմակերպիչները եւ ցույցը հակաիրավական գործողություններից պետք է տարբերակել, նաեւ գիտակցել, որ անձն ունի ազատ տեղաշարժվելու իրավունք եւ դրա կրողն ու պատասխանատուն պետությունն է։ Լիահույս եմ՝ պետական գործիքակազմն այնպես կգործի, որ հակաիրավական գործողություններ թույլ չեն տրվի։ Եթե գնահատական չտրվի այս ակցիաներին դա կրելու է խրոնիկ բնույթ, երեկ Վեհափառին, այսօր Գրիգորյանին, վաղը մի նախարարի կամ մի այլ պաշտոնյայի եւ դրա համար այս դեպքում պետք է գործի օրենքի տառը»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանը նշեց, որ նախօրեին Մանվել Գրիգորյանը տուն հասնելու հետ կապված խոչընդոտների չի հանդիպել։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ