Քաղաքական - Քոչարյանի գործով որոշումը խայտառակ խախտումներով է կայացվել․ Հայկ Ալումյան

Ե´վ դատավորի ընտրությունը Վերաքննիչ դատարանում, և´ դատավարության ամբողջ ընթացքը, և´ դատավորի կողմից կայացված որոշումը տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ կոպիտ խախտումներով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հանրապետության  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Դատավորը չի պատասխանել մի շարք փաստարկների, որոնք մենք ներկայացրել ենք և որոնց պատասխանը ո´չ դատավորը, ոչ քննիչը և ո´չ էլ դատախազները չունեն։ Դատավորը պարզապես գերադասել է իր որոշման մեջ չանդրադառնալ այդ փաստարկներին և չկարողանալով հերքել, տպավորություն է ստեղծել, որ դրանք գոյություն չեն ունեցել»,- ասաց Ալումյանը։

Պաշտպանի խոսքով՝ այն փաստարկներին էլ, որոնց դատարանն անդրադարձել է, կամ դատավորը ճիշտ չի ընկալել, կամ ճիշտ է ընկալել, սակայն չի կարողացել հստակ պատասխաններ տալ, սահմանափակվել է ճշմարտանման և որևէ իմաստ չպարունակող նախադասություններով։

«Դատավարությունը խայտառակ դատավարություն է եղել, որոշումը կայացվել է խայտառակ խախտումներով»,- հավելեց պաշտպանը։

Հայկ Ալումյանը նշեց, որ իրենց հայտնել են, որ դատավորի ընտրությունը վիճակահանությամբ է եղել, սակայն իրենց ոչ մի արձանագրություն չեն ներկայացրել այդ վիճակահանության վերաբերյալ. «Մեզ ոչ մի ապացույց չներկայացրեցին, որ վիճականահություն է տեղի ունեցել և Ռուբիկ Մխիթարյանը վիճակահանությամբ է ընտրվել, բայց անգամ եթե ներկայացնեին այդ արձանագրությունը, օրենքով նման բան նախատեսված չէ և եթե դատարանի կազմը որևէ այլ ընթացակարգով է տեղի ունենում, որն օրենքով ամրագրված չէ, ապա այստեղ առկա է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում»։

Ալումյանը հայտնեց, որ Վերաքննիչում կալանքի միջնորդության ժամանակ դատավորին բացարկի միջնորդություն է փորձել հայտնել նաև քննիչը․ «Քննիչի բացարկը բավականաչափ հետաքրքրական էր․ նա ասաց, որ դատավորի համար գործը բավական բարդ է և դատավորին ակնարկեց, որ գուցե իր ուժերից վեր կլինի այս գործով կայացնել օրինական որոշում։ Դատավորն իրեն վիրավորված համարեց քննիչի այս ակնարկներից և այս բացարկն անգամ չքննարկեց, բայց հիմա տեսնում ենք, որ ավելի լավ կլիներ քննարկել»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ