Քաղաքական - Փաշինյանը խոսել է Արշակ Կարապետյանի՝ վարչապետի խորհրդական նշանակվելու հետ կապված դժգոհությունների մասին

0038 հրամանի կոնտեքստում ՀՀ ԶՈւ մի շատ մեծ հատված ներգրավված է եղել պրոցեսներին, հիմա ի՞նչ եք առաջակում՝ ԶՈւ այդ հատվածը կտրե՞նք, անջատե՞նք ՀՀ ԶՈւ-ից, նման բան լինել չի կարող։

Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ վարչապետի խորհրդական նշանակվելու հետ կապված դժգոհությանը։

Փաշինյանը հիշեցրեց, որ 0038 հրամանի հետ կապված տեղի է ունենում քննություն, և այն անդրադառնում է բոլոր այն մարդկանց, որոնց գործողություններում առերևույթ ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ։

«Մենք այսօր խոսում ենք «Մարտի 1-ի» իրադարձություններում ԶՈւ ներգրավվածության մասին, չէ՞. այդ ԶՈւ-ում ներգրավված ու ներգրավվող մարդկանց 90 տոկոսն այսօր էլ շարունակում է ծառայել ԶՈւ-ում։ Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմի հետ կապված մեղադրանքներին, պետք է ևս մեկ անգամ ասեմ, որ եթե ինչ-որ հայտարարություն բանավոր հնչում է, դա դեռ չի նշանակում, որ դա դատավճիռ է։ Նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանը քառօրյա պատերազմի պատասխանատու է, ասում են, որ նրանից վերև պատասխանատու չկա, նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից, ասում են՝ Սերժ Սարգսյան արդար դատավոր է ու արդար որոշում է կայացրել»,- շարունակեց նա։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ինքն Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված հարյուրավոր գաղտնի նյութեր է կարդացել, և նկատեց, որ այդ նյութերում ոչինչ չկա, որը կխոսի հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին։

«Ձեր այս հարցերը նույնպես վկայում են, որ հանրության մոտ կան շատ հարցեր՝ կապված Ապրիլյան պատերազմի հետ, ինչը նշանակում է, որ մենք շատ հանգիստ ու հանդարտ պետք է գտնենք այդ հարցերի պատասխանները, իսկ որոնց պատասխանները հնարավոր է ներկայացնել հանրությանը, կներկայացնենք»,- ասաց նա։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Արշակ Կարապետյանի թեկնածությունն իրեն ոչ մեկը չի առաջադրել. որոշում կայացրել է ինքը։ Միևնույն ժամանակ նշեց, որ ԶՈւ կարծիքը՝ Արշակ Կարապետյանի վերաբերյալ, նախկին կարծիքների հետ համահունչ չէ։

«Եթե որևէ հարցեր կծագեն, ապա Արշակ Կարապետյանը հիմա ավելի մեծ պարտավորություն կունենա հարցերին կոնկրետ պատասխան տալու»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ