Քաղաքական - Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան և ՄԻԵԴ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն ստացել է վերաքննիչ քրեական դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը, որով ուժի մեջ էր թողնվել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց երկրորդ նախագահի փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը։

 

«Որոշումն ստացել ենք։ Առաջիկայում կդիմենք վճռաբեկ դատարանի եւ ՄԻԵԴ։ Փաստաբանական թիմն աշխատում է այդ ուղղությամբ»,- ասաց Է.Առաքելյանը։

Այսինքն՝ մի կողմից փաստաբանները վճռաբեկ դատարանում կրկին կվիճարկեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերը, մյուս կողմից՝ ՄԻԵԴ-ում կբարձրացնեն նրա իրավունքների խախտումների մասին։

 

Նշենք, որ Ռ.Քոչարյանին կալանավորելու հարցը մեկ անգամ արդեն քննարկվել է Վճռաբեկ դատարանում։

 

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտելու մասին որոշումը կայացրել էր հուլիսի 27֊ին, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Հայկ Ալումյանը և Ռուբեն Սահակյանը որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան:


Եվ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, բավարարվել էր պաշտպանների ներկայացրած բողոքները` հիմք ընդունելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

 

Այս որոշումը ևս բողոքարկվել էր ինչպես Գլխավոր դատախազի, այնպես էլ պաշտպանական թիմի կողմից:

 

Նոյեմբերի 15֊ին Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարեց Գլխավոր դատախազի բողոքը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության։ Ի դեպ՝ Վճռաբեկ դատավորներից Սերժիկ Ավետիսյանը գործի վերաբերյալ ունեցել էր հատուկ կարծիք՝ գտնելով, որ երկրորդ նախագահի սահմանադրական անձեռնմխելիության հարցը պարզելու վերաբերյալ անհրաժեշտ է դիմել ՍԴ։ Այդուհանդերձ՝ առանց ՍԴ դիմելու վերաքննիչ քրեական դատարանն արդեն Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, որոշեց մերժել փաստաբանների վերաքննիչ բողոքները և ուժի մեջ թողեց Քոչարյանին կալանավորելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

 

Թե ինչ հիմքով են փաստաբանները պատրաստվում բողոքարկել վերաքննիչ դատարանի երկրորդ որոշումը՝ խոստանում են ներկայացնել ավելի ուշ, երբ բողոքը կներկայացվի ՎԴ։

 

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ին ապա, նշենք, որ դա եւս կլինի երկրորդ գանգատը։ Առաջին գանգատում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բարձրաձայնել են նրա անմեղության կանխավարկածը եւ պաշտպանական իրավունքը խախտելու մասին

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ