Հասարակություն - Աննա Հակոբյանը Ժնևում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» եւ «City of Smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանի այցը Շվեյցարիայի Համադաշնություն սկսվել է դեկտեմբերի 12-ին Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցի այցելությամբ, որին հաջորդել է Ժնևի հայկական կենտրոնում նրա հանդիպումը հայ համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր «Ֆրանկ մյուլլեր» գործարանի սեփականատեր Վարդան Սրմաքեշը, Ժնեւի Վեբստերի համալսարանի դասախոս Ռուբեն Ինջիկյանը, պատմաբան Վիգեն Չըթրյան և համայնքի այլ հայտնի հասարական մշակութային գործիչներ:

Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանն անդրադարձել է գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, Հայաստանում ստեղծված նոր իրականությանը, ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի նպատակն ու գործունեությունը:

«Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ մենք մեր խնդիրները կլուծենք նույնքան հաջող՝ սիրո և համերաշխության մթնոլորտում: Ես հիմա հյուր եմ եկել մի երկիր, որն աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկն է, որտեղ գրեթե չկան աղքատներ կամ գործազուրկներ, որտեղ ամեն ինչ փայլում է, եւ բոլոր պայմանները կան երջանիկ ապրելու համար: Եվ ես ճանապարհին երկնքից այս չքնաղ վայրը դիտելիս մտածում էի՝ իսկ ինչո՞ւ չի կարող Հայաստանը լինել այսպիսին»,- ասել է Աննա Հակոբյանը՝ վստահություն հայտնելով, որ զարգացած ու բարեկեցիկ երկիր ունենալու հեռանկարին թավշյա հեղափոխությունից հետո բոլորն են հավատում, այդ թվում՝ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները։

«Իսկ հավատն ամենակարևորն է: Մնացածն, ինչպես ասում են տեխնիկական հարց է՝ օր ու գիշեր քրտնաջան աշխատանք՝ յուրաքանչյուրն իր տեղում եւ իր չափով, աշխարհասփյուռ հայության ջանքերի մեկտեղում, շատ սեր իրար հանդեպ, մեր դրախտային երկրի հանդեպ, եւ մենք շատ շուտով աշխարհին նոր անակնկալ կմատուցենք, կզարմացնենք այնպես, ինչպես զարմացրեցինք մարդկության պատմության մեջ թերեւս ամենաբարի եւ սիրառատ մեր հեղափոխությամբ»,- ավելացրել է Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը պատասխանել է նաեւ մասնակիցների հարցերին: Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք «Իմ քայլը» հիմնադրամը լրագրության ոլորտին առնչվող ծրագրեր ունի, Աննա Հակոբյանը խիստ կարեւորել է որակյալ լրատվական դաշտի դերը՝ նշելով, սակայն, որ այս պահին հիմնադրամը լրագրության հետ կապված ծրագրեր չունի: «Բայց շատ կցանկանամ, որ ապագայում մեր լրագրողների համար ստեղծենք հնարավորություն՝ վերապատրաստվելու արտասահմանյան հայտնի լրատվամիջոցներում»,- նշել է նա:

Հարցին, թե ինչով է տարբերվում «Իմ Քայլ» հիմնադրամը նմանատիպ այլ հիմնադրամներից, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից, պատասխանել է «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը՝ ընդգծելով, որ «Հայաստան» հիմնադրամը պետական է եւ զբաղվում է ենթակառուցվածքների վերանորոգմամբ, իսկ «Իմ Քայլը» հիմնադրամի գործունեությունն ուղղված է առողջ եւ ներառական հասարակության զարգացմանը՝ երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրերի միջոցով։ Որպես օրինակ նա նշել է հիմնադրամի առանցքային ծրագրերից մեկը, այն է՝ կրթաթոշակներ տրամադրել արտերկրի հեղինակավոր բուհեր ընդունված ուսանողներին, որ հետագայում նրանք իրենց գիտելիքները կիրառեն ի շահ Հայաստանի:

Հանդիպման ընթացքում առաջարկ է հնչել ՀՀ դեսպանություններին կից ստեղծելու հարթակներ, որոնց միջոցով Հայաստանին եւ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող գաղափարներ ունեցող բոլոր անձինք կկարողանան իրենց առաջարկությունները ներկայացնել: Շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում հնչել են բազմաթիվ մտահոգություններ, առաջարկություններ ու ցանկություններ, որոնք վերաբերել են երկրի տնտեսական, հասարակական ու քաղաքական, կրթական ու մշակութային ոլորտներին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ