Հասարակություն - Միկրոավտոբուս ենք տեսել, որը տեղափոխում էր ընտրողների. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ քարոզարշավի ժամանակ բռնության էական դեպքեր չեն արձանագրել, մինչդեռ հիշեցրեց, որ նախկինում բռնության դեպքերը հասել էին նրան, որ Ջրառատ գյուղում Լևոն Երանոսյանի հարազատները «Կալաշնիկով» ինքնաձիգով էին հարցերը լուծում ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչների հետ:

Իոաննիսյանը նկատեց՝ ճիշտ է, 12 օրը շատ կարճ ժամանակահատված է ժողովրդավարական հասարակությունում նման մասշտաբի ընտրություն իրականացնելու համար, բայց, ըստ նրա՝ գոնե սա քարոզարշավ էր, ոչ թե քարոզարշավի «ֆասադ», ինչպես նախկինում. «Այս անգամ ականատես եղանք քարոզարշավի, որտեղ իրոք կուսակցությունները մրցում էին իրենց ձայների համար։ Միգուցե դրանով էր պայմանավորված, որ ավելի ագրեսիվ խոսք կար, որովհետև նախկինում երբեմն ընդիմախոսների հասցեին ագրեսիվ խոսքի կարիք չկար, որովհետև քարոզարշավ առանձնապես չկար»։

Նա նշեց, որ լռության օրը սոցցանցերում զանգվածաբար խախտվել է թեկնածուներից գրեթե բոլորի կողմից: Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, նա նշեց, որ հիմնական մտահոգությունը կապված է քվեարկության գաղտնիության ապահովման հետ, բայց մասշտաբները տարբեր են. «Կան կադրեր, որոնցում տեսնում ենք, թե այն ժամանակ ինչպես էին Տավուշի և Գեղարքունիքի մարզերում քվեախցիկի հետևում հաստիքային վերահսկողներ կանգնած, այս անգամ նման երևույթներ չենք տեսել։ Թեև այս անգամ էլ հիմնական մտահոգությունը հենց տեղամասերի ներսից քվեարկության գաղտնիության հետ է կապված»։

Իոաննիսյանն ասաց, որ մեկ միկրոավտոբուս են տեսել, որը տեղափոխում էր ընտրողների։ Տեսախցիկների հետ կապված տեղամասերի 1,7 տոկոսում եղել է խնդիր: 14 տոկոսում հաշվարկը տեղի է ունեցել տեսադաշտից դուրս։ «Տեղամասերում մեր դիտորդները գրանցամատյաններում կատարել են 150-ից ավելի գրառումներ՝ տարբեր խախտումների վերաբերյալ։ Գերակշռապես, գրառումներ կատարելու հետ կապված խնդիր չի եղել»։

Նա հավելեց, որ ընտրատեղամասերում հայտնաբերել են ոչ միայն կեղծ դիտորդներ, այլև կեղծ լրագրողներ։ Նրա խոսքով՝ կայքերից մեկը հավատարմագրել էր ընդամենը 4 լրագրող, բայց ընտրատեղամասերում հայտնաբերել են տվյալ լրատվամիջոցի 6 լրագրող. «Փորձում ենք հասկանալ, թե սա իրականում ինչ էր, որովհետև սա նոր և տարօրինակ երևույթ էր»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ