Հասարակություն - Վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար ստացվել է 2230 դիմում, 57-ը մերժվել է. Բիչախչյան

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ԿԸՀ-ում ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունների կազմակերպման ու անցկացման գործընթացում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային կառույցների գործողությունները բաժանվել են երկու հիմնական խմբի՝ առաջինը վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրման գործընթացն է, երկրորդը՝ ընտրողների ցուցակները կազմելու, հրապարակելու, իրավասու մարմիններին ցուցակները թղթային և էլեկտրոնային եղանակով տրամադրելու, դրանցում առկա անճշտությունները ճշտելու գործընթացը:

«Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում մշտապես Հայաստանում բնակվող, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացին վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքը ստանալու նպատակով լիազոր մարմնին դիմում տալու նախորդող 1461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով գործուղվելու կամ արտերկրում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում, ուսումնառության հանգամանքներով»,- հայտնեց Մնացական Բիչախչյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար ստացվել է 2230 դիմում:

«Բոլոր դիմումներն ուղարկվել են Անձնագրային և վիզաների վարչություն՝ համապատասխան ստուգումներ իրականացնելու համար: Արդյունքում՝ 57 քաղաքացու դիմում մերժվել է օրենքով սահմանված հիմքով տվյալներին չհամապատասխանելու համար: Նրանցից մեկը մերժումը բողոքարկել է դատական կարգով: Դատարանի կողմից հայցը չի բավարարվել»,- հավելեց բանախոսը:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ