Հասարակություն - BBC-ի անդրադարձը` Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Բրիտանական BBC-ն անդրադարձ է կատարել Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին կարևոր քննություն է սպասվում:

 

Հոդվածագիրը նշում է, որ «Հայաստանում ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետևում կանգնած մարդուն կիրակի լուրջ փորձություն է սպասվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեսքով:

 

«Նախկին լրագրող, այնուհետև քաղաքական գործիչ դարձած 43-ամյա Նիկոլ Փաշինյանը իրականություն դարձրեց իշխանության խաղաղ փոխանցումը և տնտեսության տրանսֆորմացիայի հույսեր արթնացրեց: Ցույցերի օրերին փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանի տված ամենակարևոր խոստումներից մեկը Հայաստանում ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է:

 

Նա դեռևս շատ մեծ ժողովրդականություն է վայելում, և որևէ մեկը կասկած չունի, որ նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքն առաջատարն է ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի մեջ»,- ասված է հոդվածում:

 

Հոդվածագիրը նաև նշում է, թե որն է Նիկոլ Փաշինյանի` այդքան մեծ ժողովրդականություն վայելելու պատճառներից մեկը: «Պարոն Փաշինյանը պարբերաբար օգտագործում է Facebookի ուղիղ հեռարձակումը՝ հանդես գալով որպես հասանելի քաղաքական գործիչ»:

 

Հոդվածում ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կարծիքը, ով իր դժգոհությունն է արտահայտել ընտրություններն այդքան շուտ անցկացնելու որոշման վերաբերյալ:

 

Արմեն Աշոտյանը նշել է, որ բոլոր քաղաքական ուժերը զրկվել են ժամանակից՝ ընտրություններին ինչպես հարկն է պատրաստվելու համար: Աշոտյանը նաև ասել է, որ Հայաստանում դեռևս շարունակվում է հետհեղափոխական էյֆորիան, ինչը ազդեցություն կունենա նաև քվեարկության արդյունքների վրա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ