Հասարակություն - Երբ ասում ենք աղետի գոտու վերականգնում, պետք է հասկանանք նաև այն ողջ տնտեսական հզորության վերականգնումը, որը եղել է Գյումրիում. Փաշինյան

Այնուամենայնիվ, երկրաշարժից 30 տարի անց «աղետի գոտի» հասկացությունը վերացված չէ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորպես, նշեց.


«30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, էպիկենտրոնը Նալբանդ, հիմա Շիրակամուտ գյուղն էր: Երկրաշարժն ուներ 9-11 բալ ուժգնություն: Աղետին զոհ գնաց ավելի քան 25 հազար քաղաքացի, անօթեւան մնացին շուրջ 500 հազար մարդ, ավերվեցին հարյուրավոր, հազարավոր շենքեր, շինություններ:

Զոհերի մասշտաբն ուղղակի հարված էր մեր ժողովրդին, աղետը հարված էր մեր երկրի տնտեսությանը եւ ընդհանրապես հոգեբանական եւ բարոյական հսկայական հարված էր մեր ժողովրդի համար:

Այնուամենայնիվ, այս աղետը նաեւ ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ եւ աշխարհի 100 հազարավոր, միլիոնավոր հայեր իրենց ուշադրությունը սեւեռեցին պատմական հայրնեիքի վրա: Դրա ամենավառ օրինակ ֆրանսահայ շանսոնյո Շառլ Ազնավուրի օրինակն է, ով երկրաշարժից հետո անմիջապես հետո արձագանքեց, այցելեց աղետի գոտի, որից հետո կրկնակի, եռակի անգամ կապված եղավ հայրենիքի հետ, որը շարունակվեց մինչեւ իր կյանքի վերջը:

 

Երկրաշարժը նաեւ մի յուրօրինակ համաշխարհային համախմբման պատճառ դարձավ: ԽՍՀՄ բարեկամ ժողովուրդը, աշխարհի բարեկամ երկրները իրենց օգնության ձեռքը մեկնեցին, այսպիսով համաշխարհային համախմբման օրինակ ցույց տալով:

Այնուամենայնիվ, երկրաշարժից 30 տարի անց «աղետի գոտի» հասկացությունը վերացված չէ: Իհարկե, աղետի գոտի ասելով մենք առաջին հերթին հասկանում ենք մարդկանց բնակարանային կարիքները, դպրոցների, մանկապարտեզների շինարարությունն ու բացումը, բայց պետք է արձանագրենք, որ երկրաշարժի արդյունքում ավերվեց ՀՀ արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունեցող մի հսկայական սեգմենտ:

Երբ ասում ենք աղետի գոտու վերականգնում, պետք է հասկանանք նաեւ այն ողջ տնտեսական հզորության վերականգնումը, որը եղել է Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում եւ ընդհանրապես աղետի գոտու տարածքում:

Աղետի պատճառած ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին: Երկրաշարժից շատ չանցված սկսվեցին աղետի գոտու վերականգնման աշխատանքները, բայց միշտ չէ, որ դրա հետ վերականգնվում էին մարդկանց հույսն ու լավատեսությունը:

Երբ ասում ենք աղետի գոտի, պետք է առաջին հերթին նկատի ունենաք, թե որքանով է վերականգնված մարդկանց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, որքանով է վերականգնված լավատեսությունը վաղվա օրվա նկատմամբ, հույսը, որ զոհվածների կիսատ թողած գործերն ու երզանքները կդառնան իրականություն:

Հենց աղետի գոտու վերականգնման այսպիսի հայեցակարգն է կարեւորն ու անհրաժեշտը: Ես համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն առաջին հերթին ծառայում են հենց այս նպատակին:

Մենք թեւակոխել ենք մի փուլ, որտեղ ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս պիտի լրջորեն վերակառուցենք մարդկանց հավատն ու վստահությունը սեփական ապագայի, սեփական երկրի ապագայի նկատմամբ:

Ահա սա է այսօրվա Հայաստանի կառավարության եւ հետագա կառավարությունների ամենակարեւոր առաքելությունը: Երկրաշարժից հետո, ցավոք սրտի, հոգեբանական առումով Հայաստանը վերածվեց մի մեծ աղետի գոտու եւ մեր մեծաթիվ խնդիրն է այս հոգեբանական աղետը հաղթահարելը: Ես համոզված եմ, որ այսօր մենք վստահ քայլում ենք այդ ճանապարհով, քայլում ենք ազգովի, նոր հույսերով, նոր վստահությամբ:

Մեր հայրենակիցներին ուզում եմ ասել՝ ձեր ցավերը իմ սրտում են, ձեր կարիքներն իմ մտքում են, ձեր երազանքներն իմ հոգում են եւ վստահություն են ներշնչում ասելու, որ ամեն ինչ շատ լլավ է լինելու: Ուրեմն կեցցե Գյումրիի հերոսական ժողովուրդը, Վանաձորի հերոսական ժողովուրդը, կեցցե Սպիտակի հերոսական ժողովուրդը եւ ընդհանրապես հայ ժողովուրդը, որ մահվան դեմ հազարամյա պայքարում հաղթող է դուրս եկել եւ հաղթող է դուրս եկել ապրելու, արարելու իր առաքելության մեջ»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ