Հասարակություն - Սուրեն Պապիկյանը ներկայացրել է աղետի գոտում 2018-ի ընթացքում իրականացրած ծրագրերն ու նոր նախագծերը

Այսօր Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստի ժամանակ քննարկվել է աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019-ին կատարվելիք աշխատանքների հարցը, որը ներկայացրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

 

«2018-ին Շիրակի և Լոռու մարզերին պետական բյուջեից տրամադրվել է 774 մլն 425 հազար դրամ, որից Շիրակի մարզին՝ 354 մլն 915 հազար, Լոռու մարզին՝ 419մլն 510 հազար դրամ: Գումարը հատկացվել է շուրջ 45 բնակավայրերի 54 ծրագրերի իրականացման համար»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

Միջհամայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ Պապիկյանը նշեց, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը Տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է 222 մլն 654 հազար դրամ, և աշխատանքները ընթացքի մեջ են ու կավարտվեն 2019-ին: Այս տարվա ընթացքում զարգացման մի շարք ծրագրեր են իրականացվել մի շարք հիմնադրամների, այդ թվում USAID-ի, Զարգացման բանկի և այլ կառույցների կողմից:

 

Պապիկյանն իր խոսքում նշեց, որ Ամասիա համայնքում նախատեսվում է հիմնել բրդյա իրերի և կտորների արտադրություն, և Ամասիայի համայնքապետարանին արդեն տրամադրվել է 549 հազար 819 եվրո:

«Այս ծրագրի իրականացման արդյունքում կունենանք արտադրամաս, որտեղ տարվա ընթացքում հնարավոր կլինի մշակել 4 տոննա ոչխարի բուրդ և 1.5 տոննա գառան բուրդ: Կստանան մոտ 500 կգ բարձրակարգ կտոր: Նշեմ, որ այդ կտորը, այդ թելերը ներկայումս ներմուծվում են Թուրքիայից»,-ասել է Սուրեն Պապիկյանը:

Իսկ տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանման համար Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնին տրամադրել են 1 մլն 604 հազար 808 եվրո, որը հիմնականում բաժին է ընկել Լոռու մարզին և նախատեսված է ճամփեզրի կայանների կառուցման համար:

Անդրադառնալով Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի վերականգնման աշխատանքներին՝ Պապիկյանը շեշտեց, որ աշխատանքներն ավարտին կհասցվեն 2019-ի փետրվարի 19-ին:

Նախարարը նաև խոսել է տարբեր բնակավայրերում դպրոցների ու մանկապարտեզների վերակառուցման աշխատանքների մասին ու շեշտել է, որ դրանք արդեն ավարտին են հասցված, և բացումները շուտով կլինեն:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ