Քաղաքական - Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի գնում իրավապահներին հաղորդում տալիս, ուրեմն նա շառլատան է. Փաշինյան

Դավիթ Շահնազարյանը ներկայացրե՞լ է այն դավադրությունը, որ իր պնդմամբ գոյություն ունի Հայաստանում ընդդեմ Արցախի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ–ի ընտրական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելուն։

Դիտարկմանը, որ Շահնազարյանը հայտարարել է, որ իրեն ԱԱԾ հրավիրելը քաղաքական հետապնդում է, որ դրա հրամանը տվել է անձամբ Վարչապետի պաշտոնակատարը, Փաշինյանն արձագանքեց. «Դա հասկացանք, բայց ինքն ասում էր, որ կա դավադրություն Արցախի դեմ, որ հեղափոխությանն օգնել են ուժեր, եւ գործել է «իշխանություն Արցախի դիմաց» բանաձեւը: Այսինքն մեզ մեղադրել է ինչ - ինչ ուժերի հետ դավադրություն կազմակերպելու մեջ ընդդեմ Արցախի, ըստ էության նաեւ ընդդեմ Հայաստանի եւ հայ ժողովրդի:

Բնականաբար, ինչ պետք է անի ԱԱԾ-ն. պետք է նյութեր նախապատրաստի եւ եթե պարզվի, որ կառավարությունը կամ հեղափոխությունը տեղի է ունեցել էդպես, բոլոր այդ դավադիրներին պետք է հայտնաբերի, պատասխանատվության ենթարկի եւ ներկայացնի մարդկանց, որ երկրում դավադիրներ կան։

 

Հիմա եթե որեւէ անձ շարունակաբար հայտարարություններ է անում եւ հրաժարվում է գնալ ու ԱԱԾ-ին ներկայացնել փաստեր... Կամ թող ԱԱԾ-ին չէ, հրապարակային, ասուլիսներ հրավիրելու ժամանակ թող էդ փաստերը ներկայացնի՝ էդ ի՞նչ դավադրություն ա, ովքե՞ր են։ Մարդիկ հստակ իմանան՝ այսինքն կա դավադրություն թե՞ ստախոսություն»,-հայտարարեց Փաշինյանը:

Դիտարկմանը, թե Շահնազարյանն ասել է, որ ինքը քաղաքական հայտարարություն է արել, իսկ վարչապետի պաշտոնակատարին էլ մեղադրում են ԱԱԾ-ն որպես սպառնալիքի գործիք օգտագործելու մեջ, Փաշինյանը արձագանքեց. «Քաղաքական հայտարարություն են անո՞ւմ, ես էլ քաղաքական հայտարարություն եմ անում, որ լուրջ վարկածներ ունեմ, որ այդ մարդիկ օտարերկրյա գործակալներ են, եւ նրանք դավադիր պատերազմի հրձիգներ են. քաղաքական հայտարարություն։ Ես չեմ ուզում այլ քաղաքական հայտարություն անել՝ ասելով, որ այդ քաղաքական ուժը քաղաքական հոգեվարքի մեջ է։ Բայց, ես՝ որպես վարչապետի պաշտոնակատար, պարտավոր եմ մեր երկրի ազգային անվտանգության շահերը պաշտպանել: Մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու դրան։

Կա հայտարարություն, որ Հայաստանում կառավարությունը պատրաստել է, պատրաստում է կամ ունի արդեն դավադրություն ընդդեմ Արցախի, սա պետական դավաճանության մեղադրանք է, եթե որեւէ  մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին եւ չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ