Քաղաքական - Մոգերինին և Մնացականյանը քննարկել են ԵՄ-ի եւ Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործումը

Բրյուսելում դեկտեմբերի 4-ին Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները՝ նշելով համապարփակ, հուսալի եւ թափանցիկ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը:

 

Մոգերինին եւ Մնացականյանը քննարկել են նաեւ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործումը՝ Երեւանում կայացած Գործընկերության կոմիտեի առաջին նիստից մեկ շաբաթ անց:

Մոգերինիի գրասենյակի հաղորդագրությունում նշվում է, որ համաձայնագրի լիարժեք իրականացումը կնպաստի Հայաստանում բարեփոխումների եւ արդիականացման գործընթացի աջակցությանը: ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչը եւ Հայաստանի արտգործնախարարը Եվրամիություն-Հայաստան գործընկերության խորհրդից առաջ փորձագիտների մակարդակով մի շարք հանդիպումներ են ակնկալում:

Մոգերինին եւ Մնացականյանը անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի համաձայն: Նրանք նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակի շուրջ, մասնավորապես` Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագրի լիարժեք եւ արդյունավետ իրականացման, ինչպես նաեւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումների վերաբերյալ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ