Քաղաքական - Այն ուժը, որ հիմա առաջնորդում է Նիկոլը, ունի ավելի շատ ձայն, քան Հայաստանի որեւէ իշխանություն՝ սկսած 90-ականներից. Մարուքյան

Այն ուժը, որ հիմա առաջնորդում է Նիկոլը, ունի ավելի շատ ձայն, քան Հայաստանի որեւէ իշխանություն՝ սկսած 90-ական թվականներից։ Այս մասին Տավուշի մարզի Պառավաքար համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։

 

«Այսինքն եթե մենք հիմա որեւէ միավորում ստեղծենք, դա կլինի արհեստական։ Մենք արհեստական որեւէ միավորման մաս չենք եղել երբեւէ եւ չենք էլ լինելու։ Երբ որ կարիքը կա համախմբվելու, մենք համախմբվում ենք, բայց հիմա երկրում կարիք կա այլընտրանք ունենալու, երկրում կարիք կա փոխզսպող, հակակշռող ուժ ունենալու։ Եթե «Լուսավոր Հայաստանը» չմասնակցեր ընտրություններին, ես կարծում եմ, որ շատ վատ պատկեր կունենայինք»,– ասաց Մարուքյանը։


Նա նշեց, որ իրենց կուսակցության նպատակը պետական շինարարության գործին մասնակցելն է. «Իրենք այս պահին իշխանություն են եւ իրենց հավաքած ձայնով իշխանություն են լինելու։ Մենք լինելու ենք հակակշիռ, փոխզսպող։ Մեր նպատակը եղել է էս երկիրը խայտառակ վիճակից հանելը, երկիրը զարգացնելն է եղել։ Դրա համար մենք ասում ենք, որ, այո, հեղափոության ուժն առաջինն է։ Նրանք պետք է լինեն առաջինը, որովհետեւ ժողովրդի աջակցությունը այդպիսին է այսօր, իսկ «Լուսավոր Հայաստանը» երկրորդն է լինելու։ Իսկ նախկին իշխանություններն ու նրանց հետ դաշինք կազմած ուժերին, որ այստեղից հազարավոր ձայներ են տարել ու սահմանամերձ գյուղերը թողել են էս վիճակի մեջ, չեմ կարծում, որ նորից քվեարկելու եք»։

Մարուքյանը նշեց, որ իր կարծիքով մարդիկ կան, որոնք սպասում են բարեգործության կամ ընտրակաշառքի, բայց այդ երեւույթը պետք է արմատախիլ արվի։

«Փոփոխությունը օդում խոսակցություն չէ։ Մենք չպետք է ունենանք որեւէ քաղաքացի, որն ակնկալում է ընտրակաշառք։ Մի բան է, որ չկա ընտրակաշառք բաժանող, բայց մեկ այլ բան, որ դա չունի ակնկալող»,– ասաց Մարուքյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ