Քաղաքական - Չխաբվեք ժողովուրդ ջան, գործարանները բացող լինեին, վախտին կբացեին. Մարուքյան

Չխաբվեք ժողովուրդ ջան, գործարանները բացող լինեին, վախտին կբացեին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Չարենցավանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ հետեւում է քարոզարշավին եւ նկատել է, որ դա այնպիսի ուժեր են ասում, որոնք ժամանակին ունեցել են այդ հնարավորությունը։

«Չարենցավանը ես շատ եմ նմանեցնում Վանաձորին։ Ինչո՞ւ, որովհետեւ ժամանակին եղել է Հայաստանի արդյունաբերական քաղաքներից մեկը։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո գործազրկության շատ բարձր մակարդակ ենք արձանագրել, եւ մարդիկ հուսահատված նորից մեզ ասում են՝ ա՛յ, եթե գործարանները վերագործարկվեն։ Մարդիկ եկել են Վանաձոր, ասել են՝ մեզ, որ ընտրեք, քիմգործարանը կվերագործարկենք, շատ մարդիկ իմացել են, որ դա սուտ է, բայց մարդկանց հույս են տվել, դրանով գնացել են ընտրության։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ երեք անգամ քիմգործարանի կարմիր լենտ է կտրվել, երեւի այնտեղ անվադողեր էին այրում, ծուխ էր բարձրանում, մարդիկ ասում էին՝ ըհը, ցեխը սկսեց աշխատել, բայց քիմգործարանը չգործեց»,–նշեց Մարուքյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ պետք է տնտեսությունը պետք է վերափոխվի. «Ժողովուրդ ջան, էդ գործարանների վերագործարկման ապագան շատ մշուշոտ է, մեր տնտեսությունը պետք է վերափոխվի, պետք է այլ ուղղություններով մենք սկսենք տնտեսությունը զարգացնել, քանի որ բլոկադայի մեջ ենք, այրում ենք շատ թանկ գազ, շատ թանկ էլեկտրաէներգիա, ուստի արտադրանքը մրցունակ չի լինի միջազգային շուկաներում։ Պետք է մտածել նոր բաների մասին, օրինակ հայ երիտասարդությունը շատ մեծ պոտենցիալ ունի ՏՏ ոլորտում, պետք է այնպիսի ճյուղեր զարգացնել, որոնք չենք ունեցել ԽՍՀՄ ժամանակ, բայց հնարավորություն կտան շատ աշխատատեղեր ստեղծել»։

Մարուքյանը շեշտում է՝ պետությունը պետք է խրախուսի նոր ճյուղերի զարգացմանը, այդ ոլորտում երիտասարդության կրթմանն ու պատրաստմանը. «Պետությունը պետք է խրախուսի կրթությունը այս ոլորտում, որ այնպես չլինի ՏՏ ոլորտում 500 թափուր աշխատատեղ լինի ու հազարավոր գործազուրկներ։ Բայց աշխատատեղերի պահանջարկն ու գործազուրկները չեն կարողանում հանդիպել իրար, որովհետեւ համապատասխան կրթությունը չի տրվել, մարդիկ սպասում են գործարանների վերագործարկմանը»,–եզրափակեց նա։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ