Քաղաքական - Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանը քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Այս մասին Վերաքննիչ դատարանում շրագրողներին ասաց Քոչարյանի պաշտպսն Հայկ Ալումյանը՝ նշելով, որ որոշումն ակնհայտ անօրինական է։ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը։

Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները համարում են, որ գործի քննությունը սկսվել է օրենքի կոպիտ խախտմամբ։ Մասնավորապես դատարանը չի ապացուցել, թե ինչ չափանիշով է գործը մակագրվել դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Դատարանի նախագահի պաշտոնակատարը Քոչարյանի պաշտպաններին պարզաբանել էր, որ դատարանի կազմը որոշվել է պատահականության սկզբունքով եւ դատարանների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով։


Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։

Դատական նիստին մասնակցել է 6 դատախազ, այդ թվում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ինչն աննախադեպ երեւույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ