Քաղաքական - ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց 13 թեկնածուների գրանցումը. ովքեր են նրանք

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած ճանաչեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների, դաշինքների ցուցակներով առաջադրված 13 պատգամավորների թեկնածուների գրանցումը՝ հիմք ընդունելով նրանց ինքնաբացարկի դիմումները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց, որ նիստի օրակարգում ընդգրկված են 2018թ-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների ցուցակների թեկնածուների ինքնաբացարկների մասին հարցը:

ԿԸՀ-ն ստացել էր ինքնաբացարկի մասին 14 դիմում: Դրանցից կեսը ներկայացվել են նոտարական վավերացումով, կեսը՝ առանց նոտարական վավերացման: Առանց նոտարական վավերացման ներկայացված դիմումատուները ներկայացրեցին իրենց անձնագրերը և վերահաստատեցին իրենց դիմումները: ԿԸՀ-ը քվեարկություններով՝ 6 կողմ և 0 դեմ ձայներով ընդունեց դիմումները: ԿԸՀ-ը ուժը կորցրած ճանաչեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջարկված թեկնածու Արևիկ Նավոյանի, «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Արսեն Սարգսյանի, Հայկանուշ Միրոյանի, Նունե Միրոյանի, «Լուսավոր Հայաստան« կուսակցության պատգամավորի թեկնածու Արփինե Նուրջանյանի, Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Արսեն Ղուկասյանի գրանցումները:

Ինքնաբացարկի դիմում ներկայացրած «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Կարինե Բաղդասարյանը չէր ներկայացել նիստին և չէր թողել իր հեռախոսահամարը: Նրա դիմումը կքննարկեն նոյեմբերի 29-ին նիստում: Տիգրան Մուկուչյանը հույս հայտնեց, որ թեկնածուն կներկայանա հաջորդ նիստին:

Մնացած բոլոր դիմումները ներկայացված էին նոտարական վավերացումով: Դիմումները քվեարկությամբ հաստատվեցին առանց դիմումատու անձանց ներկայության: ԿԸՀ-ն քվեարկությամբ ուժը կորցրած ճանաչեց Հանրապետական կուսակցության թեկնածու Սարգիս Սահակյանի, «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուներ Նինա Հովհաննիսյանի, Բագրատ Եսայանի, Արմեն Ղորխմազյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Ռոբերտ Մելքոնյանի և «Մենք» կուսակցությունների դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու Գագիկ Հովհաննիսյանի, Ցոլակ Գրիգորյանի գրանցումը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ