Հասարակություն - Քարոզչության շրջանում նկատվում է ագրեսիվության աճ. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ նախընտրակամ քարոզչության շրջանում նկատվում է ագրեսիվության աճ՝ հատկապես համացանցում:


«Ես, իհարկե, տեսել եմ ՀՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը, որտեղ իմ ուշադրությունն էին հրավիրում քարոզարշավի ընթացքում հնչող արտահայտությունների վրա: Առանց կենտրոնանալու որևէ մեկի վրա՝ նշեմ, որ այս ոլորտում ունենք վիրավորանքի, խոսքի այլատյացության աճ», – ասաց Արման Թաթոյանը:

 

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց նաև՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը շուրջօրյա դիտարկում է իրականացնում: Նրա խոսքերով՝ խախտումներ ևս արձանագրվել են, բայց դրանք առայժմ ամփոփվում են, և առաջիկայում ՄԻՊ-ը հանդես կգա հայտարարությամբ:

«Քարոզարշավի ընթացքը ու ոչ միայն, այս ամբողջ գործընթացը, ազդում է խոսքի ազատության վրա: Ունենք նաև ատելության խոսքի դրսևորումներ, որոնք սոցիալական ցանցերում նկատվում են առանձին օգտատերերի կողմից: Այդ առերևույթ կեղծ օգտատերերի ինստիտուտը գնալով զարգանում է և հենց սա է մտահոգիչ», – ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ դիտարկումները ցույց են տվել, որ այլակարծության հանդեպ անհանդուրժողականությունը, այլատյաց խոսքը կամ վիրավորանքը մեծամասամբ տարածվում են կեղծ օգտատերերի կողմից:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ