Հասարակություն - Հյուսիսային պողոտայի բնակիչների խնդիրը բարձրացվեց ավագանու նիստում

«Հյուսիսային պողոտայի տարածքում գտնվող հին շենքերի բնակիչներն էին այսօր Երևանի քաղաքապետարանի առաջ պաստառներով պիկետ անում և ասում, որ երկար տարիներ իրենց տների խնդիրն անպատասխան է մնում, նույն պատասխանն է իրենց այսօր տրվել, ինչ նախկին քաղաքապետի օրոք: Խնդրում եմ կազմակերպել քաղաքացիների հետ հանդիպում և լսել իրենց խնդիրը»,- նոյեմբերի 27-ի ավագանու նիստում ասաց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը:


Մեջբերելով քաղաքացիների խնդիրները՝ Ավանեսովն ասաց, որ փաստաթղթերում նշված է, որ գույքի գնահատման աշխատանք է իրականացվել լիցենզավորված անկախ կազմակերպության կողմից, բայց հավաստիացնում են, որ նման մարդիկ չեն մտել իրենց տուն:

«Ինչքան էլ զարմանալի է, բայց այսօր ևս կարող են պատասխանները լինել նույնը, ինչ երեք տարի առաջ: Ես կուզեի, որ սա ուսումնասիրվեր և նոր պատասխան տրվեր, բայց այս հարցում, եթե չեմ սխալվում, քաղաքապետարանի գործառույթը չկա: Լավ է, որ մեր քաղաքացիներն իրենց իրավունքները պաշտպանում են, բայց եթե նրանց իրավաբանական կոնսուլտացիա տրվեր, կասվեր, որ քաղաքապետարանը անելիք չունի: Ինչքան էլ ուզենք, մեր լիազորությունների մեջ չէ այդ հարցը»,- ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ վստահեցնելով, որ քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերը հասնում են իրեն և քննարկվում են:

Ավանեսովը տեղեկացրեց, որ քաղաքացիները դիմել են նաև մեկ պատուհանին, որտեղից իրենց ուղղորդել են «Երևան» հիմնադրամ:

«Պետք է պարզել, թե ով է ուղղորդել և ինչու: Եթե սխալ է եղել ուղղորդումը, նրանք նկատողություն կստանան»,- պատասխանեց Երևանի քաղաքապետը:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ