Քաղաքական - «Լուսավոր Հայաստան»-ը առաջիկա ընտրություններում չի ծրագրում պայքարել առաջին տեղի համար. Է. Մարուքյան

Նոյեմբերի 26-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ հնարավոր ամեն բան պետք է անել, որպեսզի խորհրդարանում նոր ուժեր հայտնվեն, նոր սերնդի քաղաքական ուժեր, որոնք արդեն ցույց են տվել, որ անտարբեր չեն իրենց ժողովրդի ճակատագրի համար։

Մարուքյանի խոսքով քաղաքացիները պետք է ընտրեն այն քաղաքական ուժերին, որոնք երբեք բիզնեսով չեն զբաղվել և իրենց բիզնես-հետաքրքրությունները քաղաքականությանը չեն խառնել:

«Պետք է ընտրել նրանց, ովքեր պաշտպանել են Հայաստանի շահերը Բրյուսելում, Ստրասբուրգում, Փարիզում, Վաշինգտոնում և Մոսկվայում։ Չի եղել այնպիսի վայր, որ ես և մեր կուսակցության անդամները ներկայացրած չլինենք Հայաստանի շահերը և հանդես եկած չլինենք երկրի համար սուր հարցերով»,- ասել է Մարուքյանը։

Մարուքյանը ընդգծեց, որ Կապանում, ինչպես Հայաստանի ցանկացած այլ քաղաքում, կան խնդիրներ, որոնք կապված են անարդյունավետ կառավարման հետ։ Մարուքյանը նաև նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում շուկայի մոնոպոլիզացիայի հետ կապված խնդիրների լուծման հնարավորություն կստեղծվի, և երկրում այլևս հեղափոխություն կատարելու կարիք չի լինի։

Մարուքյանը նաև հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի ծրագրում պայքարել առաջին տեղի համար, այլ նպատակաուղղված է երկրորդ տեղին, քանի որ կուսակցության անդամները հիանալի գիտակցում են, որ հեղափոխությունից հետո հաջողության հասնելու ամենամեծ հնարավորություններն ունի այն քաղաքական ուժը, որը գլխավորել և իրականացրել է հեղափոխությունը։ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ