Հասարակություն - ՀՀ-ում մարդու, քաղաքացու արժանապատվությունը պետք է պաշտպանված լինի. Նիկոլ Փաշինյան

«Մեր անելիքն ու ասելիքը ձևակերպված են մեր նախընտրական կարգախոսում՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»: Մեր համոզմունքն այն է, որ պետական գործառույթն անհատի երջանության համար բավարար պայմաններ ստեղծելու իմաստով հետևյալն ՝ մենք պետք է ապահովենք մեր քաղաքացիների ազատությունը, պետք է մեր երկրում կարողանանք ապահովել արդարություն, անվտանգություն ու յուրաքանչյուրի արժանապատվության պաշտպանությունը: ՀՀ-ում մարդու, քաղաքացու արժանապատվությունը պետք է պաշտպանված լինի անկասելիորեն»,- այս մասին այսօր «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետի պաշտոնակատարն իր խոսքում շեշտել է նաև, որ ՀՀ-ում պետք է բացառված լինեն քաղաքական ու տնտեսական հետապնդումները:

«Հոգատար հանրություն ասելիս մենք նկատի ունենք անհատական ջանքի ու աշխատանքի խրախուսումը: Մենք մարդկանց մասին հոգ տանելը հասկանում ենք նրանց օգնելը, աջակցելը, որ նրանք հավատան իրենց ուժերին, կարողանան ճեղքել իրենց հուսահատությունն ու խեղճությունը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանն իր խոսքում ասաց, որ իրենք այս ամենի համար արդեն շատ տեսանելի ապացույցներ են ներկայացրել՝ ցույց տալով, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը վճռորոշ է:

 

«Առաջիկա հինգ տարիներին խնդիր ենք դրել, որ Հայաստանում ընդհանրապես արմատախիլ արվի ծայրահեղ աղքատությունը, քանի որ մենք համարում ենք, որ այդ երևույթը հարիր չէ Նոր Հայաստանին, 21-րդ դարի Հայաստանին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ իրենք մտածողության փոփոխություն էլ են իրականացնելու, հասարակական հոռետեսությունը լավատեսությամբ են փոխարինելու:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ