Հասարակություն - Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊԵԿ պաշտոնյան կմնա կալանքի տակ

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այսօր՝ նոյեմբերի 16–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը մերժել է Էլոյանի պաշտպանի բողոքն ու ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի՝ Էլոյանին երկու ամսով կալանավորելու որոշումը։ NEWS.am–ի հետ զրույցում Էլոյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ դատարանը մերժել է նաեւ իր պաշտպանյալի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունը։

 

Պողոսյանը նշեց, որ Էլոյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ որեւէ առնչություն չունի կաշառքի հետ։


«Դատարանը հաշվի չի առել նաեւ այն հանգամանքը, որ իմ պաշտպանյալը խնամքի տակ ունի մանկահասակ երեխաներ»,–ասաց Պողոսյանը։

Ըստ փաստաբանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ գրավի կիրառման անհրաժեշտությունը կասկածի տակ դնելու հայտնի ելույթից հետո դատարանները կաշկանդված են։

 

Խոսքը՝ հոկտեմբերի 24–ին ԱԺ–ում Փաշինյանի ելույթի մասին է, որտեղ վարչապետը, խոսելով գրավի դիմաց մարդկանց ազատ արձակելու վերջին պրակտիկայից, ասել էր.

«Առաջիկայում պետք է ուղղակի վերլուծենք գործերը եւ հասկանանք քանի տոկոսն է գործերի, որ իրոք մենք համաձայն ենք, որ այդ մարդը պետք է գրավով կամ որեւէ ձեւով ազատ արձակվի, իսկ քանի տոկոսն է, որ անթույլատրելի է եւ դա արվել է կոնկրետ քրեական գործին խոչընդոտելու համար»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ոստիկանությունում ՍՊ ընկերության փաստացի տնօրենը հաղորդում էր տվել, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեղակալ Սամսոն Առաքելյանը եւ նույն բաժնի տեսուչ ոմն Վաղիկ, 2018 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին ընկերության համար խոչընդոտներ չառաջացնելու, ստուգումներ չիրականացնելու եւ որոշակի թերությունների ու խախտումների վրա, այսպես ասած, աչք փակելու համար, որպես կաշառք իրենից պահանջել են ընդհանուր՝ 1.000.000 դրամ:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով: Հիշյալ քրեկան գործը ներկայումս քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ