Հասարակություն - Արմեն Ավակ Ավակյանը հրաժարական է ներկայացրել

«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Արմեն Ավակ Ավակյանն այս մասին գրառում է կատարել Facebook -ի իր էջում:

«Այսօր «Բիզնես Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին եմ ներկայացրել իմ հրաժարականի դիմումը։

 

«Բիզես Արմենիա»-ի սիրելի թիմ, աշխատակիցներ և օտարերկրյա ներկայացուցիչներ,

Անցնելով շատ դժվարություններով՝ հետաքրքրիր աշխատանքով բարեփոխեցինք Հայաստանի զարգացման հիմնադրամը և ստեղծեցինք «Բիզնես Արմենիա»-ն։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ «Բիզնես Արմենիա»-ն այսօր ոչ միայն մեր երկրի ուժեղագույն կառույցներից մեկն է դարձել, այլև բազմիցս, գնահատվելով միջազգային խոշորագույն կազմակերպությունների կողմից, հարյուրավոր երկրների շարքում Հայաստանը դիրքավորել է կամ առաջին, կամ ամենաբարձր հորիզոնականներում։ Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր և պահպանել «ընտանեկան ջերմաստիճանը»։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ է, որ «Բիզնես Արմենիա»-ն դարձել է ներդրողների և գործարարների կարևորագույն բարեկամն ու աջակիցը։

 

Շնորհակալություն եմ հայտնում հաճելի աշխատանքի համար՝ նոր ձեռքբերումների մաղթանքով։

Հարգելի գործարարներ և ներդրողներ,

Իմ աշխատանքի ամենահաճելի մասը Ձեր աչքերի «կրակն» ու «կայծը» տեսնելն էր՝ ցանկացած նոր լուծված խնդրի, դժվարության հաղթահարման և նոր ներդրումների որոշման կայացման առիթով։ Անկախ փոփոխություններից, «Բիզնես Արմենիա»-ն շարունակելու է աշխատել, խնդիրներ լուծել և աջակցել Ձեզ՝ մեր երկրում նոր ներդրումներ կամ արտահանումներ իրականացնելիս։

Կառույցի գործունեության ամուր հիմքերը դրված են և այն արդեն աշխատում է համակարգի պես։ Ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, կապահովեմ ներդրումային ծրագրերի և «Բիզնես Արմենիա»-ի աշխատանքի շարունակականությունը, իսկ նոր տնօրենի ընտրությունից հետո՝ դրանց սահուն փոխանցումը։

Բոլորիդ հաջողություններ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,- գրել է Արմեն Ավակ Ավակյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ