Հասարակություն - Հայկ Մարությանն ընդունել է դեսպան Ջուն Յամադային

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը կարեւորել է դեսպանի դերը հայ-ճապոնական համագործակցության զարգացման գործում։

 


Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Հայկ Մարությանը նշել է, որ թեեւ Երեւանը դեռ չունի գործընկերային ուղղակի կապեր Տոկիոյի կամ Ճապոնիայի այլ խոշոր քաղաքների հետ, սակայն գոյություն ունի փոխշահավետ համագործակցության լայն դաշտ՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող կոնկրետ ծրագրերի շրջանակներում:

«Տեղյակ եմ, որ նախկինում տեխնիկական աջակցության տարբեր ծրագրեր են իրականացվել, որի համար, օգտվելով առիթից, հայտնում եմ իմ երախտագիտությունը: Միաժամանակ, Ձեր աջակցությունն եմ հայցում նաեւ Ճապոնիայի կառավարության, ինչպես նաեւ մասնավոր սեկտորի եւ այլ ձեւաչափերով ծրագրերում տեխնիկական աջակցության եւ ներդրումների ներգրավման նպատակով Երեւան քաղաքն ընդգրկելու հարցում», - նշել է քաղաքապետը:

 

Նա մասնավորապես առանձնացրել է տրանսպորտի եւ աղբահանության բնագավառում հաջողված փորձ ունեցող ճապոնական քաղաքների հետ փորձի փոխանակման կարեւորությունը:

Դեսպան Ջուն Յամադան շնորհավորել է Հայկ Մարությանին՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, եւ իր հերթին հույս հայտնել, որ երկու երկրների խոշոր քաղաքները կխորացնեն համագործակցությունը: Նշելով, որ վերջին շրջանում աշխուժացել է ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան՝ դեսպանը հույս է հայտնել, որ հայաստանցիները եւս կսկսեն ավելի հաճախ գործարար եւ զբոսաշրջային այցեր կատարել Ճապոնիա, հատկապես, որ վերջերս երկու երկրների միջեւ մուտքի արտոնագիր ստանալու գործընթացն ազատականացվել է:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ