Հասարակություն - Ադրբեջանում սկսվել է գերեվարված Կարեն Ղազարյանի դատը

Ադրբեջանի դատարաններից մեկը սկսել է քննել Հայաստանի քաղաքացի, հուլիսին անզգուշությամբ Ադրբեջանում հայտնված ու այժմ այնտեղ որպես հայկական բանակի դիվերսանտ ներկայացվող Կարեն Ղազարյանի գործը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։

Ադրբեջանական կողմը Կարեն Ղազարյանին դեմ մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 բաժնով. ընդհանուր՝ 13 հոդվածով:

 

1. «Կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ»,
2. «Տնտեսական գործունեության ոլորտում հանցագործություններ»,
3. «Հանրային անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ»,
4. «Սահմանադրական կարգի և պետանվտանգության դեմ հանցագործություններ»,
5. «Կառավարման կարգի դեմ հանցագործություններ»։


Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու գործի հետ կապված Կարմի խաչի միջազգային կոմիտեն, համաձայն իր մանդատի և աշխատելակարգի, երկխոսության մեջ է ներգրավված բոլոր պատկան մարմինների հետ: ԿԽՄԿ ներկայացուցիչները երբեմն այցելում են Ղազարյանին ու դիտարկում նրա պահման պայմանները։

 

Հուլիսի 15-ին, երբ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու մասին հայտնի էր դարձել, ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ նա Տավուշի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է:

«Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984թ. ծնված Կարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ, իր Facebook-ի  էջում անդրադանալով ադրբեջանական մամուլի գրառումներին, գրել է, որ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում:

«Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների, պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակ՝ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»,– հայտարարել էր ՀՀ ՊՆ խոսնակը։


Oգոստոսի 14-ին թեմային անդրադառնալիս ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված և գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին անվտանգ և որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ