Հասարակություն - Լրագրողը պետք է համոզված լինի, որ իր մասնագիտական աշխատանքը պաշտպանված է պետության կողմից․ ՄԻՊ

Նոյեմբերի 2-ը լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրն է: Մարդու իրավունքների պաշտպանն այս կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնարար ուղղություններից է լրագրողի մասնագիտության նկատմամբ հարգանքի ու մասնագիտական անխոչընդոտ աշխատանքի երաշխավորումը: Խոսքի եւ լրագրողական գործունեության ազատությունը երկրում ժողովրդավարության զարգացման հիմնարար ցուցիչներից է:

 

Պատասխանատու լրագրությամբ առաջնորդվելու ձեր բարձր կոչումով ու ամենօրյա բարդ աշխատանքով նպաստում եք երկրում ժողովրդավարության զարգացմանը: Գլխավորապես ձեր աշխատանքի շնորhիվ է քաղաքացին պատկերացում կազմում հանրային մարմինների ու այդ մարմինները ներկայացնող պաշտոնատար անձանց աշխատանքի մասին: Այդ կերպ է երաշխավորվում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:

 

Մեծ է լրագրողի դերը նաեւ այլակարծության խթանման ու երկրում համերաշխության մթնոլորտի ապահովման գործում: Սրանք երկրի առջեւ ծառացած մարտահրավերները պատվով հաղթահարելու ու փոփոխությունների սահուն անցումներ ապահովելու կարեւոր գրավականներ են: Լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա պետության խիստ արձագանքին, իսկ իրավախախտում թույլ տված անձը պետք է ենթարկվի պատասխանատվության անխուսափելի միջոցների:

 

Լրագրողն ինքը պետք է համոզված լինի, որ իր մասնագիտական աշխատանքը պաշտպանված է պետության կողմից: Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի առավելագույն հնարավորություններով շարունակելու եմ գործադրել ջանքեր՝ նպաստելու համար լրագրողական պաշտպանված աշխատանքի երաշխավորմանը»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ