Հասարակություն - Կառավարությունը հավանություն տվեց Երևանում նոր էլեկտրակայան կառուցելու նախագծին

Կառավարության նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տրվեց Երևանի տարածքում` գործող ՋԷԿ-ի հարևանությամբ, 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրին:

 

Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 250 մլն ԱՄՆ դոլար, շինարարությունը կտևի 26 ամիս, աշխատանքներում կներգրավվի 1000-1200 մարդ, կստեղծվի բարձր վարձատրությամբ 200-230 աշխատատեղ, այդ աշխատակիցներից 50-70-ը կայանի շինարարության ընթացքում կմեկնեն Գերմանիա` որակավորում անցնելու համար:

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս համաձայնագրի նպատակահարմարության վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են եղել: Նա տեղեկացրեց, որ համաձայնագիրը կնքվել է 2017 թ.` իրենց կառավարության ձևավորումից առաջ, և Հայաստանի Հանրապետությունն արդեն որոշակի պարտավորություններ ստանձնել էր: Փաշինյանի խոսքով` համաձայնագրի հետ կապված առաջին հարցը, որ քննարկվել էր, այն է, թե արդյո՞ք ՀՀ-ն կարիք ունի նոր գազատուրբինային կայանի, և այս հարցի պատասխանը դրական էր, միակ տարընթերցումն այն էր, թե` որտե՞ղ պիտի կառուցվի: Խնդիր է եղել նաև գնի հետ կապված:

 

«Կարծում էինք, որ առաջարկվող գինը չափազանցված է: Բանակցությունների արդյունքում այն նվազեց: Մենք հասել ենք մի սակագնի, որը պոզիտիվ ազդեցություն կունենա մեր էլեկտրաէներգիայի սակագնի վրա, այսինքն` նոր ծանրաբեռնվածություն չի ավելանա, հակառակը, թեթևացնող ազդեցություն կունենա: Նախկինում մի քանի ներդրումային ծրագրի, այդ թվում`այս ծրագրի հետ կապված խնդիր ունեինք, և քաղաքական առումով կարևոր էր, որ միջազգային ներդրումային միջավայրում սխալ գնահատական չստանան, տպավորություն չստեղծվի, թե ներդրումային բոլոր ճանապարհները փակում ենք, այս իմաստով ևս այս համաձայնագիրը դրական նշանակություն կունենա: Այն աշխատատեղերի քանակի առումով էլ է կարևոր»,- ասաց նա:

 

Փաշինյանը հայտնեց, որ Կենտրոնական բանկը մտահոգություն ուներ համաձայնագրի կետերից մեկի վերաբերյալ, այն բանակցությունների արդյունքում հանվել է, իսկ ամենամեծ բանավեճը շարունակում էր մնալ` ինչո՞ւ ոչ մրցութային կարգով, այլ բանակցությունների եղանակով, բայց քանի որ արդեն գոյություն ունեին ստանձնված պարտավորություններ, որոշեցին, որ բանակցման արդյունքներով կարող է ընդունելի լինել նաև այս տարբերակը:

 

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ժամկետների առումով էլ կաշկանդվածություն կար, դրանցում չտեղավորվելը նշանակում էր խզել կամ չխզել այս համաձայնագիրը: Նա տեղեկացրեց, որ դեռ 5-6 օր ժամանակ ունեն` ընտրելու, վերջին մանրուքները ճշգրտելու, վերջին մտահոգությունները փարատելու համար, ասաց` հետո, երբ իրեն տեղյակ կպահեն, որ հարցը քննարկված է, ինքը հանձնարարական կտա, և դրանից ելնելով` էներգետիկայի նախարարը կստորագրի այդ համաձայնագիրը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ