Քաղաքական - Կառավարության՝ երկրի զարգացման տեսլականը լիովին համահունչ է Կայուն զարգացման նպատակների հետ. Տիգրան Ավինյան

Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը՝ կառավարման խորհրդի համանախագահներ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ:

 

Տիգրան Ավինյանի գրասենյակից  հայտնում են, որ նիստի ընթացքում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Ստեփան Մարգարյանը ներկայացրեց կենտրոնի պատմությունը, նախնական փուլում կատարված աշխատանքները եւ հետագա գործունեության տեսլականը: Նա ընդգծեց, որ կենտրոնի գործունեությունը ներառելու է տվյալների վերլուծության եւ վարքագծային փորձարկումների իրականացումը, ինչի արդյունքում առաջարկություններ կներկայացվեն կառավարությանը եւ պիլոտային ծրագեր կիրականացվեն՝ տարբեր ոլորտներում իրականացվող հանրային քաղաքականությունների բարելավումը ապահովվելու համար:

 

 

Իր խոսքում Տիգրան Ավինյանը նշեց, որ կառավարության՝ երկրի զարգացման տեսլականը լիովին համահունչ է Կայուն զարգացման նպատակների հետ: Այս առումով ազգային նորարարական կենտրոնը կառավարության համար հետազոտական հանգույցի դեր կկատարի, որի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաեւ հարկային այլ ոլորտներում իրականացված վերլուծությունները եւ հետազոտական արդյունքները թույլ կտան հանրային քաղաքականությունները կազմել՝ հիմնվելով փաստերի վերլուծության վրա:

 

ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ասաց, որ ազգային նորարարական կենտրոնի աշխատանքի արդյունքները կարող են օգտագործվել նաեւ Հայաստանում հանրային կառավարման համակարգի բարեփոխումների եւ նորարարական լուծումների համար:

 

Նիստի մասնակիցները նաեւ համակարծիք էին, որ ազգային նորարարական կենտրոնի միջոցով հանրային կառավարման տարբեր մարմիններին կփոխանցվի համապատասխան ոլորտներում առկա համաշխարհային լավագույն փորձը, ինչպես նաեւ կենտրոնը կնպաստի այդ մարմինների աշխատակիցների կարողությունների զարգացմանը:

 

Վերջում կառավարման խորհուրդը հաստատեց կենտրոնի աշխատանքային ծրագիրը, ինչպես նաեւ հանձնարարական տվեց կենտրոնի ղեկավարությանը աշխատանքներ տանել նոր գործընկերությունների հաստատման ուղղությամբ եւ ուսումնասիրել կենտրոնի աշխատանքներում նոր շահառուների ներգրավվման հարցը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ